Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնի շրջանակներում ներկայացել է հերթական սիմֆոնիկ համերգով, որը ղեկավարել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյա հոբելյանի առթիվ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրել է կոմպոզիտորի սիմֆոնիկ ստեղծագործություններից։ Ալեքսանդր Սպենդիարյանը հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից է։ Մեծ է կոմպոզիտորի ավանդը նաև Հայաստանում առաջին սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման գործում։ Համերգային ծրագրի մեկնարկին ներկայացվել է կոմպոզիտորի երկար տարիներ չհնչած Կոնցերտային նախերգանքը, այնուհետև՝ «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը, որը Սպենդիարյանը գրել է 1905 թվականին Ղրիմում՝ Մ. Լերմոնտովի համանուն պոեմի մոտիվներով: Այն նվիրված է կոմպոզիտորի մորը: Առաջին անգամ ստեղծագործությունը կատարվել է Պետերբուրգում 1905 թվականին հեղինակի ղեկավարությամբ:

Համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարել է Երվանդ Երկանյանի թիվ 7 սիմֆոնիայի պրեմիերան։ Այս տարին հոբելյանական է նաև Երվանդ Երկանյանի համար. նշվում է կոմպոզիտորի 70-ամյակը։

Համերգային երեկոյի ընթացքում ներկայացված թիվ 7 սիմֆոնիայի կատարումը կոմպոզիտորը և դիրիժորը նվիրել են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի հաջորդ համերգը տեղի կունենա մայիսի 22-ին՝ ժամը 19։30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։