Գեղամասար համայնքում էապես որևէ փոփոխություն չկա: «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը՝ նշելով, որ նախորդ գիշերն անցել է առանց միջադեպերի։ Ադրբեջանցիներն իրենց տեղերում մնացել են, ՀՀ ԶՈՒ-ներն էլ ամուր կանգնած են։

«Ճիշտ է, թեկուզ իրենց զինվորները քանակով կարող է շատ են գերազանցում, բայց մեր տղաները շատ ամուր կամքի ուժ ունեն և կանգնած են, պատրաստ են ամեն ձև պաշտպանելու»։

Ավետյանը տեղեկացրեց, որ համայնքում սպասում են հնարավոր սահմանազատմանը, բայց այս պահի դրությամբ նորություն չունեն։ Սպասում են նաև, որ բանակցություններն արդյունք կտան՝ չնայած ադրբեջանական կողմն այսօր չի ներկայացել։

«Երևույթը լավ չէ, եթե իրենք հրաժարվել են մասնակցելուց բանակցություններին, ուրեմն ինձ թվում է իրենք ուրիշ նպատակներ ունեն։ Դա բոլորին է պարզ, այսինքն` իրենք կողմ չեն բանակցությունների»։

Համայնքի ղեկավարը նշում է՝ եթե ադրբեջանական կողմը հետ չքաշվի, պետք է պատրաստ լինենք ուժ կիրառելու։

«Անձամբ ես, իմ համայնքի բնակիչները, նաև կամավորներ եմ արդեն դիրքեր ուղարկել ու բոլորս պատրաստ ենք, ով կարող է զենք վերցնի պատրաստ են՝ մասնակցելու պաշտպանական հարցերի։ Եթե դուրս չգնացին, միանշանակ կողմ եմ, որ ուժ կիրառվի, որովհետև չի կարելի, որ իրենք մնան այդ դիրքերում»։

Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը եւս «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ համայնքում իրավիճակը չի փոխվել։ Հեռադիտակով են հետևում համայնքի հինգ բարձունքներում տեղակայված ադրբեջանական զորքերի տեղաշարժերին։

«Իրենք իրենց տեղում են կանգնած, մերոնք մեր տեղը՝ պոստերում։ Փոփոխություն չկա: Հեռադիտակով էլ նայում ենք՝ իրենց զինվորականները նստած են սարերին՝ հինգ տեղերում էլ ոչ մի փոփոխություն չա։ Իրենց մեջ էլ խուճապ չկա։ էսօր պետք է գային, ճշտումներն անեն, դա ենք սպասում։ Իրենց հետ բանակցությունների արդյունքում, պետք է ճշտեն՝ մերոնք իմանան իրենց տեղը կանգնեն, նրանք էլ իրենց»,- ասաց Չիտչյանը։