Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է դառնալ միջնորդ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային դեմարկացիայի հարցերը քննարկելիս։ Հանդես գալով Դուշանբեում իր տաջիկ գործընկերոջ հետ ասուլիսում, Լավրովը ասել է․

«Մենք մեր հերթին մեր բարեկամներին մանրամասնորեն իրազեկել ենք այն քայլերի մասին, որոնք ձեռնարկում է Ռուսաստանը, կարգավորելու համար միջադեպը, որը տեղի է ունեցել միջազգային իրավական առումով  սահմանի գոյություն չունենալու պատճառով։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցող նախնական պայմանավորվածության համաձայն, Ռուսաստանը առաջարկել է աջակցել սահմանների դելիմիտացիա եւ դեմարկացիա սկսելու հարցում, հանդես գալով հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու օգտին, որում Ռուսաստանը կարող է հանդես գալ որպես խորհրդատու կամ եթե կուզեք՝ միջնորդ»։

Լավրովը նաեւ ասել է, որ հայկական կողմի խնդրանով, Սյունիքյան իրադրությունը ՀԱՊԿ ԱԳ նախարարները սկսել են քննարկել դեռ նախօրեի երեկոյան։