Կարծում եմ, որ իշխանությունը պետք է փոխվի՝ անկախ նրանից, որ ես սատարում եմ ավելի շատ իշխանությանը, ոչ իշխանական ուժերին կամ ընդդիմությանը, դա հարցի երրորդական և չորրորդական կողմն է։ Անկախ նրանից՝ ովքեր են մասնակցում ընտրություններին, այսօրվա իշխանությունները չպետք է վերարտադրվեն։ Ավելին ասեմ՝ այն իշխանությունը, որի մասնակիցն եմ եղել ես՝ ինքս։ Դա մեր համընդհանուր ազգային շահերին դեմ է ուղղակի։ Բայց սրանով ես որեւէ ընդդիմադիր ուժի իմ հիացմունքը կամ իմ սատարումը չեմ հայտնում։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում հայտարարել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

— Պարոն Անանյան, Դուք Ձեզ նորից պետական կառավարման համակարգում տեսնո՞ւմ եք, թե՞ որոշել եք, որ այսքանով ավարտել եք Ձեր առաքելությունը՝ որպես պետական գործիչ, եւ շարունակելու եք Ձեր գործունեությունը այսուհետ միայն մասնավոր ոլորտում։

— Գիտե՞ք, եթե ես հիմա ասեի, որ ես համարում եմ՝ ավարտել եմ իմ առաքելությունը, ես առնվազն սուտ կխոսեի առաջին հերթին ինքս իմ առջեւ եւ ազնիվ չէի լինի, ու, ընդհանրապես, հայրենասիրության դրսեւորում չէր լինի դա։ Ես որեւէ ձեւով կառավարությունում աշխատանքի կամ որեւէ դերակատարում ունենալը չեմ բացառում, եթե կձեւավորվի տեխնոկրատների եւ պրոֆեսիոնալների կառավարություն, եւ իմ ծառայությունների կարիքը կզգացվի, եթե լինի այդպիսի հրավեր։

— Իսկ ընտրությունների՝ որպես ընտրող, կգնա՞ք եւ որեւէ ուժի ձայն կտա՞ք։

— Ընտրությունների պարտադիր պետք է գնամ եւ բոլորին կոչ կանեմ, որ բոլորը գնան եւ պասիվ չմնան, եւ որեւէ ուժի պետք է բոլորը ընտրեն, որպեսզի որեւէ ձայն չկորչի։ Ես՝ ինքս, գնալու եմ եւ, բնականաբար, ընտրելու եմ որեւէ ուժի:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում