Ճանապարհ փակելու խնդիր չի եղել, ուղղակի մի քանի հոգով ցանկացել են  խաղաղապահներին զգուշացնել, որ  վերահսկողությունը ուժեղացնեն, որպեսզի ադրբեջանցիները չնկարեն, ժեստեր ցույց չտան եւ ավտոշարասյան երթեւեկությունը կանոնակարգված լինի։ Այս մասին այսօր՝ մայիսի 18–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կարմիր Շուկայի համայնքի ղեկավար Նարեկ Աթոյանը՝ անդրադառնալով Կարմիր Շուկայի տարածքով հակառակորդի ավտոշարասյան անցնելուն եւ այդ առնչությամբ բնակիչների անհանգստությանը։

«Ավտոշարասյունը հանդիպակաց երթեւեկության համար խնդիր է ստեղծում, ընդամենը զգուշացրել են, որ հսկողությունը ուժեղացնեն, որպեսզի վազանց չանեն, զերծ լինեն պատահարներից։ Առաջին նման դեպքն է, ուղղակի մարդկանց թիվն էր շատ։ Արդյունքում եկել են եզրահանգման, որ լրացուցիչ զգուշացում կտրվի նրանց, որպեսզի նրանք հեռախոսներով չնկարեն, ժեստեր չցուցադրեն եւ երթեւեկության կանոնները չխախտեն։ Ժեստերով ցույց են տալիս են, որ հաղթել են, վիրավորանքներ հնչեցնելու մասին չէ խոսքը»,– պատմեց Կարմիր Շուկայի համայնքի ղեկավարը։

Նշենք, որ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Կարմիր Շուկայի տարածքով դեպի Շուշի գնացող բեռնատարների այնքան երկար շարք է, որը ժամեր է տեւում, մինչեւ իրենք անցնում են, այսօր բնակիչները փորձել են թույլ չտալ։

«Բնակիչները շատ հաստատակամ էին եւ որոշել են ամեն օր այդպես անել, մինչեւ հարցին լուծում տրվի։ Նրանք ասում են՝ ինչո՞ւ այսօր ադրբեջանցին կարող է անցնել մեր տարածքներով, իսկ մենք չենք կարող օրինակ՝ Քարվաճառով գնալ Հայաստանի Հանրապետություն»,– ասել էր նա։