Քաղաքական ուժերը վերադասվորվում են, նախընտրական ցուցակների շուրջ քննարկումներ իրականացնում, պատրաստվելով՝ հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Irakanum.am-ը հղում անելով իր աղբյուրներին գրել էր, թե ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող քաղաքական ուժերը ինչ ցուցակով են հանդես գալու։

Ինչպես հայտնի է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել է, որ առանձին է մասնակցելու ընտրություններին։ Վարչապետի իրենց թեկնածուն էլ Նիկոլ Փաշինյանն է։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չէր բացառել, որ ՔՊ-ի նախընտրական ցուցակում նոր անուններ կլինեն։ Մամուլի հրապարակումների համաձայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում գործարարներ կլինեն։ Մասնավորապես խոսքը՝ Խաչատուր  Սուքիասյանի և Գուրգեն Արսենյանի մասին է։

Սուքիասյանի խոսնակը Irakanum.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ չկա վերջնական որոշում, երբ լինի, կհրապարակեն:

Իսկ Գուրգեն Արսենյանը չհերքեց տեղեկությունը՝ հորդորելով սպասել ցուցակների հրապարակմանը. «Էն որ ասում էին՝ պարոն Արսենյան կմասնակցե՞ք ընտրություններին, ասում էի՝ սպասեք ընտրությունները նշանակվեն, ընտրությունները նշանակվեցին, հիմա  ասում եմ՝ սպասեք ցուցակների հրապարակմանը, որից հետո  կարող ենք երկար զրուցել ցուցակի բովանդակության, ցուցակում առկա պոտենցիալի մասին: Ես իմ մասնակցելու մասով խոսակցությունների հետ կապված ոչ մի խոսակցություն չեմ նախաձեռնել, քանի որ չեմ նախաձեռնել, ինձ իրավունք եմ վերապահում ասել՝ սպասենք ցուցակների հրապարակմանը կամ էլ ճշտեք խոսակցություն նախաձեռնողներից»:

ՔՊ խոսնակի հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել:

Իմքայլականներից ոչ ոք դեռ չգիտի, թե ինքն ինչ տեղ է զբաղեցնելու նախընտրական ցուցակում․ Փաշինյանը դա որոշել է գաղտնի պահել մինչեւ վերջին օրը՝ մայիսի 25-26-ը:

Հիշեցնենք` 2021թ–ի մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հունիսի  20-ին,   Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան:

Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատել էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

Irakanum.am