ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ֆիզիկական ներկայությունը կառավարության շենքում, նախընտրական շրջանում, առավել ևս երբ իշխող քաղաքական ուժը հայտարարել է ընտրությանն իր մասնակցության մասին, արդեն իսկ ցցուն ապացույց է, որ անկախ սահմանադրական մարմին հանդիսացող Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնվում է Կառավարության ազդեցության եւ վերահսկողության ներքո:

Կամ ինչ գործ ունի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր Սահմանադրական լիազորությունների կատարումը քննարկի Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ: Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում իմ առաքելության ընթացքում Լեհաստանում կազմակերպվել է թե՛ նախագահի, թե՛ խորհրդարանի ընտրություններ, սակայն ո՛չ կառավարությունը, ո՛չ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դրա կազմակերպմանն առնչվող հարցերը որեւէ դեսպանի հետ չեն քննարկել:

Խեղկատակության եւ խայտառակության անվերջանալի գլխապտույտը ոչ մի կերպ չի ավարտվում»։