Արցախում 44-օրյա պատերազմից հետո, Հարավային Կովկասի տարածաշրջանում Ւրանի արտաքին քաղաքական օրակարգում ստացել է ավելի մեծ նշանակություն, քան նախկինում է եղել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նշենք, որ նախօրեին Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային Ժողովի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրի հայտարարեց, որ ԻԻՀ-ն չի ընդունում տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի:

«Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը շատ պարզ, հստակ և որոշիչ է. մենք չենք ընդունում տարածաշրջանի որևէ փոփոխություն, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի, մենք չենք ընդունում որևէ վերտարածաշրջանային ուժ մեր սահմանների մոտ: Եթե Հայաստանի տարածքի մի մասը ցանկանան վերցնել, և մեր սահմանները փոփոխության ենթարկվեն, այսինքն՝ ունենանք նոր հարևան, դա մեզ համար ընդունելի չէ: Անցյալի սահմանները պետք է ամբողջությամբ լինեն պաշտպանված, և պետք է պահպանվի Իրանի Իսլամական Հանրապետության ընդհանուր սահմանը Հայաստանի հետ»,- հայտարարել է Մոջթաբա Զոլնուրին: Ադրբեջանական մամուլը այդ հայտարարությունը դավաճանական է անվանել։

Ոսկանյանը նկատեց, որ ադրբեջանական լկտի քաղաքականության արդյունքում, Հայաստանի տարածքում բացահայտ օկուպացիոն քաղաքականության հետևանքով ստեղծվում են որոշակի ռիսկեր ՀՀ-Իրան կապի առումով, և Թեհրանի դիրքորոշումները կոշտացել են:

«Եթե դա նույնիսկ չի երևում դիվանագիտական մակարդակում արվող հայտարարություններում, ապա խորհրդարանական դիվանագիտության մակարդակով իրանցիները ավելի բաց են խոսում, որի վկայությունն է նաև ԻԻՀ Ազգային Ժողովի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրի հայտարարությունը»,- նշեց իրանագետը:

Ոսկանյանի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում իրանցիների կողմից ռազմական գործողությունների գնալու համար անհրաժեշտ է, որ մենք ունենանք համապատասխան անվտանգային պայմանագրային դաշտ, մինչդեռ դա չունենք։

«Մենք կարող ենք հստակորեն արձանագրել մի հանգամանք, որ իրանցիները, առանց որևէ կողմի հետ համաձայնեցման, կարող են գնալ ռազմական գործողության և դիտարկում են այդ գործողությունը, եթե Իրանի անվտանգությանը վտանգներ սպառնան Արցախի օկուպացված հատվածներից, որտեղ գտնվում են ահաբեկիչները: Այս մասին նաև հայտարարել է Ւրանի Իսլամական Հանրապետության դեսպանը `Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ ունեցած հանդիպման ընթացքում: Եվ դա կարծում եմ իրանական կողմում արդեն քննարկված հարց է: Եթե Իրանը ունենա հստակ տեղեկատվություն ահաբեկչական խմբավորումների ներկայության և դրանցից բխող վտանգների մասով, ապա պատժիչ գործողությունների կգնա նաև անդրսահմանային կտրվածքով», — նշել է նա:

Անդրադառնալով Սյունիքի նկատմամբ ադրբեջանցիների բացահայտ սպառնալիքներին, Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ ցինիկ հայտարարություններին, ապա բանախոսի դիտարկմամբ՝ Ադրբեջանի բռնապետը լկտիորեն խոսում է այս մասին նաև մեզ վրա հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով:

«Ցավալի է, բայց Հայաստանից համարժեք արձագանքներ, թե գործողությունների, թե քարոզչական միջոցառումների տեսքով չեն ստացվում: Եվ ակնհայտ է, որ իրանցիները խստորեն դեմ են որևէ ծրարին, որի արդյունքում Հայաստանի ինքնիշխան տարածքի որևէ հատվածի վրա հայկական իշխանությունը չի տարածվում», — արձանագրել է իրանագետը եւ ավելացրել, որ Ռուսաստանի և Իրանի շահերը այդ միջանցքի վերաբերյալ չեն հակասում իրար:

«Չեմ կարծում, որ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի տարածքով որևէ միջանցքի գոյությանը: Ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի այդ աղետալի հայտարարությունը արձանագրում է կոմունիկացիաների բացման տեսլական, այլ ոչ թե միջանցքների գոյությունը: Սակայն, այնտեղ կա բավական բարդ մի ձևակերպում, որից կառչելով ադրբեջանցիները խոսում են միջանցքի մասին: Այդ ձեւակերպումը արված է անհաջող կերպով, և դրա տարաբնույթ մեկնաբանությունները կասկածներ են թողնում միջանցքների վերաբերյալ պայմանավորվածությունների համատեքստում: Բայց ակնհայտ է, որ ոչ Ռուսաստանի, ոչ Իրանի, ոչ էլ Հայաստանի կենսական շահերի տիրույթում չեն տեղավորվում պանթուրքիստական այն ծրագրերը, որոնք ի վերջո հանգում են այդ «միջանցքի» գաղափարին:

Այն թուրքական կողմից առաջ է քաշվել դեռ 100 տարի առաջ և այժմ նրանք փորձ են կատարում կյանքի կոչել այդ ծրագիրը։ Մինչդեռ այն չպետք է կյանքի կոչվի, քանի որ այն վտանգում է թե Հայաստանի, թե Իրանի, թե Ռուսաստանի ազգային անվտանգությունը և շահերը: Մենք պետք է հստակորեն արձանագրենք նաև մեր գործընկերների հետ շփումներում, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը չարորակ ուռուցք է Հարավային Կովկասի առողջ մարմնին, որը մետաստազներ է տալիս դեպի տարբեր երկրներ: Խոսքը վերաբերվում է թե Հայաստանին, թե Արցախին, թե Իրանին, թե Ռուսաստանին, ուստի այդ քաղցկեղային խնդիրը պետք է լուծում ստանա, այդ թվում Հայաստանի ուժեղացմամբ և ամրապնդմամբ», — ընդգծել է իրանագետը: