Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, որը գնել է «Ժառանգություն» կուսակցությունը, արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելիս օրենսդրության հետ խնդիրներ կունենա։

«Ժառանգություն» կուսակցությունը, որն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի գլխավորությամբ, ԿԸՀ-ում ընտրական ցուցակի գրանցման հետ կապված խնդիրներ կունենա։

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Տիգրան Արզաքանցյանին, ում գրանցումն ընտրական ցուցակում ամենայն հավանականությամբ կմերժվի, քանի որ վերջինս լիարժեք չի համապատասխանում ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված պահանջներին։ Այս մասին գրել է «Փաստինֆո»-ն։

Ընտրական օրենսգրքի 84-րդ հոդվածի 7-րդ կետում հստակ սահմանված է, որ ընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուների՝ վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և ՀՀ-ում բնակվելու մասին տեղեկանք պետք է ներկայացվի, սակայն փաստ է, որ Տիգրան Արզաքանցյանը վերջին չորս տարվա ընթացքում ՀՀ-ում մշտական բնակություն չի ունեցել։ Հետևաբար` նման տեղեկանք չի կարող ներկայացնել, ինչից կարելի է եզրակացնել, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է մերժել Տիգրան Արզաքանցյանի գրանցումն ընտրական ցուցակում։