Սյունիքի մարզի Խոզնավար վարչական շրջանին Սեւ լճի կողմից մոտեցած ադրբեջանցիները դեռ չեն հեռացել: Չնայած երեկ ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի գլխավորությամբ տեղի ունեցած բանակցություններից հետո տեղեկություն տարածվեց, որ, ըստ ձեռք բերված պայմանավորվածության, թշնամին նահանջելու է, բայց այսօր կեսօրվա տեղեկություններով թշնամին դեռ ամուր կանգնած է: «Առայժմ իրենց տեղում են»,- Irakanum. am-ին ասաց գյուղապետ Վարո Գրիգորյանը:

Նրա խոսքով, առավոտյան կամազ է եկել, հեռացել, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ երեւի ադրբեջանցիների մի ստվար զանգված հեռացել է: Գյուղապետին էլ են հասել լուրերը, թե Քյարքիի հատվածում հայկական կողմի զիջումների հաշվին են Սյունիքի մարզում առաջ եկած ադրբեջանցիները, երեկվա պայմանավորվածության համաձայն, նահանջելու: Անդրադառնալով ադրբեջանցիների հետ համատեղ պոստեր ունենալու լուրերին՝ գյուղապետն ասաց՝ էդ է մնացել, էդ էլ թող անեն, պրծնեն:

«Ի՞նչ զիջում պետք է լինի, մեր տարածքն ու մենք, էդ էլ հո Ադրբեջանի տարածք չի կամ Ղարաբաղ չի: Ջարդեցին, փշրեցին, մեկ էլ մեր հողն են փշրում, որ ինչ: Իմ ուղեղի մեջ էլ չի տեղավորվում նման բան, թե ինչի հաշվին, դե թույլ ենք էլի, մենակ խոսան պատերի տակ»:

Irakanum.am