Armeniasputnik.am-ը գրում է.

Վերիշեն համայնքի հովիվը` Վաչագան Առստամյանը, մայիսի 12-ին, երբ թուրքերը մտել են Սև լճի տարածք, առաջինն է նրանց տեսել։ Sputnik Արմենիայի թղթակիցը Սյունիքում հանդիպել է հովվի կնոջը` տիկին Սիլվային, և զրուցել նրա հետ։

«Մայիսի 12-ին առավոտ շուտ Վաչագանն անասունները հանեց վերև, քիչ հետո լեղաճաք եղած զանգեց ու թե` հանդիպել եմ մի խումբ մարդկանց, որոնք մոտիկացել, թուրքերեն բարևել են։ Սկզբում մտածել է, որ կարող է` կատակ են անում, բայց տեսել է, որ չէ, լրիվ լուրջ է։ Ասում է` թուրքերը ձեռքով էին անում իրեն, թե` արի մեզ մոտ»,–պատմել է տիկին Սիլվան։

Կնոջ խոսքով` դեպքից հետո ամուսինը լուր է տվել համագյուղացիներին, և արդեն պարզ է դարձել, որ ադրբեջանցիները մտել են Սև լճի տարածք։ Ամուսինը պատմել է, որ շատ են եղել ադրբեջանցիները։

Վերիշենի բնակիչներ

Մինչ օրս հովիվն այդ տարածքում է, այսինքն` Սև լճի տարածքի ներքևի մասում, իսկ ադրբեջանցիները վերևում են։

Տիկին Սիլվան ասում է, որ այս ընթացքում նման միջադեպ չի եղել, հավանաբար, սա ծրագրված է եղել։ Կինն, ի դեպ, նույնպես անասուններին արածեցնելու է տանում, և այսօր էլ պատրաստվում է կովերին տանել այդ կողմեր, սակայն ոչ ճիշտ այն տարածք, որտեղ ամուսինն է։

«Ամուսինս պատմում է, որ իրենց հրաման են տվել` նույն տեղում կանգնեք, սա մերն է` մեկ մետր հետ չենք գնալու»,–ասաց տիկին Սիլվան։

Նա հայտնեց նաև, որ արոտավայրից մինչև այն վայրը, ուր կանգնած են ադրբեջանցիները, 2 կիլոմետր է հեռավորությունը։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։