Ադրբեջանի տխրահռչակ նախագահ Իլհամ Ալիևը տպավորություն է ստացել, թե իրենք մարսել են Արցախի որոշ տարածքների օկուպացիան, պատերազմական հանցագործությունները, գլխատումները և այն ամենը, ինչի համար միջազգային քրեական իրավունքով կարող է դատապարտվել։ ԱԺ-ում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Դա ուղղակի մի պատրանք է, որը ժամանակավոր բնույթ է կրում։ Այդ տպավորության տակ է, որ երբ մարդն էյֆորիայի մեջ է ընկնում, սկսում է սխալը սխալի հետևից թույլ տալ։ Սխալ առաջին, նոյեմբերի 10-ից հետո ստորագրված փաստաթուղթը չիմպլեմենտացնել, չվերադարձնել հայ ռազմագերիներին։ Սխալ երկրորդ, նոյեմբերի 10-ի փաստաթղթի համաձայն՝ հայկական և ադրբեջանական կողմերի զորքերը պետք է կանգնած մնային այն տեղերում, որտեղ պատերազմը կանգ էր առել։ Սխալը սխալի վրա Ադրբեջանի ղեկավարությունը թույլ է տալիս հերթական սխալները։

Ըստ էության մեզ հնարավորություն է տալիս վերցնելու այդ սխալները և պատժելու Ադրբեջանի իշխանություններին։ Ադրբեջանական զինված ուժերը մտել են ՀՀ տարածք։ Սա այն դեպքը չէ, որ քարտեզի վեճ կա, սա Խծաբերդի պատմությունը չէ, սա ոչ մի այլ պատմության նման չէ և միանշանակ է, որ Ադրբեջանը խախտել է Հայաստանի սահմանը, սպառնալիք է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և այս սպառնալիքը պետք է վերացվի։ Մինչ այս պահը մեր պետության գործողություններն ամբողջությամբ համահունչ են իրավիճակին, ադեկվատ են և որևէ ձևով մինչ այս պահը որևէ սխալի հնարավորություն չենք տվել, որ դա կիրառվի մեր դեմ»,-ասաց Էդմոն Մարուքյանը։

Պատգամավորի խոսքով մեր անելիքն այն է, որ կարողանանք այս իրավիճակից խաղաղ ձևով դուրս գալ, իսկ դրա հնարավորությունները պատգամավորի խոսքով կան հնարավորություններ։