Ճապոնիայի կառավարությունը մտադիր է մինչեւ հունիսի վերջն ավարտել ընդունող երկիրը ներկայացնող բոլոր այն մարզիկների համար COVID-19-ի դեմ պատվաստումը, որոնք մասնակցելու են Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերին: Այդ մասին մայիսի 13-ին հաղորդել են ճապոնական ԶԼՄ-ները:

Նրանց տվյալների համաձայն, Ճապոնիայի մարզիկների հիմնական մասը, որոնք մասնակցելու են Օլիմպիական խաղերին, պետք է մինչեւ հունիսի վերջը պատվաստվեն Տոկիոյի Ազգային ուսումնական կենտրոնում: Մինչդեռ Ճապոնիայի Պարալիմպիական կոմիտեն պլանավորում է մարզիկների պատվաստումն անցկացնել հունիսից մինչեւ հուլիս ընկած ժամանակաշրջանում: Ավելի վաղ մայիսի 12-ին Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հաղորդակցությունների գծով տնօրեն Մարկ Ադամսը հայտնել է, որ մարզիկների եւ Տոկիոյի Օլիմպիական խաղերում նրանց ուղեկցողների մեծամասնությունը պատվաստվելու են COVID-19-ի դեմ:

Ադամսը պարզաբանել է, որ խոսքը հատկապես օլիմպիական պատվիրակությունների բոլոր անդամների՝ մարզիկների, մարզիչների, մյուս ուղեկցող անձանց մասին է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Pfizer եւ BioNTech ընկերությունները հայտարարել են, թե ՄՕԿ-ին անհատույց կփոխանցեն COVID-19-ի դեմ իրենց պատվաստանյութի չափաբաժինները Տոկիոյի Օլիմպիական խաղերի այն մասնակիցների իմունացման համար, որոնք դա կցանկանան:

Սպասվում է, որ պատվաստանյութերի բաշխումը կսկսվի մայիսի վերջին, եւ մարդիկ պետք է երկու չափաբաժին ստանան երեք շաբաթվա ընթացքում: Տոկիոյի Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերը պետք է անցկացվեին 2020 թվականի ամռանը, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով դրանք ստիպված եղան տեղափոխել 2021 թվականին: Արդյունքում Օլիմպիական խաղերի անցկացումը պլանավորված է հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը, Պարալիմպիականը՝ օգոստոսի 24-ից մինչեւ սեպտեմբերի 5-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: