ԱԺ արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ դիմելով ԲՀԿ պատգամավորներին, հարցրեց՝ արդյոք խմբակցությունում տեղյա՞կ էին, որ Նաիրա Զոհրաբյանը նման բովանդակությամբ ելույթ է ունենալու և շեղվի թեմայից։

Քոչարյանը պատասխանեց Զոհրաբյանին՝ ՀՀ իշխանությունները Զանգեզուրը չեն հանձնել և չեն հանձնելու։ Տեղեկացրեց՝ ՀՀ Պաշտպանության նախարարը կարևոր գործերով է զբաղված, ուստի չի կարող ներկա լինել ԱԺ-ում, որովհետև երեկ ստեղծված բանակցությունները շարունակվում են։

Քոչարյանին նյարդայնացրել է նաև այն, որ Նաիրա Զոհրաբյանը ԶԼՄ-ներում զետեղված «ստերը» հնչեցրեց խորհրդարանում։

«Որտեղ եք տեսել 50 զրահամեքենան Սև լճի տարածքում։ Սուտ եք ասում, չկա այդպիսի բան, որտեղ եք լսել, որ կան զոհեր և վիրավորներ»։

Նաիրա Զոհրաբյանը ստիպված եղավ ընդհատել Քոչարյանին՝ «ովա զոհերիի վիրավորների մասին ասել»,-բղավեց Զոհրաբյանը, իսկ Քոչարյանը շարունակեց պնդել՝ 50 տեխնիկա տարածքում չկա։ Երբ պատգամավորները վիճում էին՝ ով է սխալ, Ալեն Սիմոնյանը արձագանքեց՝ «հանգստացի մի հատ»։ Վիճաբանությանը խառնվեց նաև Միքայել Մելքումյանը։

Շարունակելով ելույթը, Քոչարյանը նշեց, որ Զանգեզուրը Հայաստանի Հանրապետությունից կտրելու գործընթաց է գնում։

«Զանգեզուրն արդեն ամիսներ շարունակ մենք ինքներս բզկտում ենք, դարձրել ենք քաղաքական հարցերի լուծման թատերաբեմ։ Զանգեզուրի գործադիր իշխանության համարյա բոլոր ղեկավարները դարձել են ճանապարհներ փակող։ Զանգեզուրը կտրում են Հայաստանի Հանրապետությունից, այդ տպավորությունը չեք ստանո՞ւմ։ Հակառակորդն էլ կարար ուզենար մի բան էլ ինքը կտրեր»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Ըստ նրա՝ բանակցությունների ընթացքում խնդիրների լուծման բանալին կգտնվի։

«Այստեղ ՌԴ դերի կարևորությունը նսեմացնել պարզապես չի կարելի։ Այդ գործընթացում ինքն ունի որոշակի մասնակցության ծանրակշիռ ներկայություն։ Եվ դրա մեջ է լինելու նաև հնարավոր, առանց հրադադարի ռեժիմը խախտելու, գտնել լուծումներ։ Եկեք ամեն ինչ անենք, որ էդ ռեժիմը չխախտենք։ Այդ ռեժիմից է կախված, թե մենք Զանգեզուրից ինչ կունենանք»,- հավելեց Քոչարյանը։

Ըստ նրա՝ Սյունիքում պետք է լինի արտակարգ կառավարում, որը ենթադրում է, որ ուժային և քաղաքացիական մարմինները միասնական կառավարման մեջ պետք է հայտնվեն, որպեսզի որոշումները կայացվեն արագ։