Գեղարքունիքից՝ Վայքով մինչև Սյունիք՝ Քարվաճառում, տեղակայված են թուրքական զորքերը, որը մենք ի վիճակի չեղանք պահել և այն աստիճանի հեռատես չեղանք որ հասկանանք, որ սա շատ վտանգավոր տարածք է և մենք ամեն գնով պետք է պահեինք,- «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Վովա Վարդանովը եւ ավելացրել. «Թեկուզ անօրինական ձևով, բայց պետք է պահեինք Քարվաճառն ու Քաշաթաղը, և հիմա այդ տարածքներից թուրքական աշխուժ ներթափանցում է տեղի ունեցել։

Նրա խոսքով՝ հայկական կողմն այսօր չի ուզում գնալ կոնֆլիկտի, բայց թուրքերը գնում են, որովհետև բավականին «արխային են»։

«Իրենց այդ արխայինությունը կարող է լինել նաև նրանից, որ նրանց շատ լուրջ համոզել են, որ այլևս հայկական պետություն չկա, և հայկական պետությունն ի վիճակի չէ զենքով պատասխանել իրենց լկտիությանը։ Այս ամենը միտված ոչ միայն մեզ եւս մեկ անգամ հոգեպես ճնշելու, այլ կոնկրետ խնդիրներ են լուծում»,- նշել է բանախոսը։

Նրա փոխանցմամբ՝ Վարդենիսի հատվածում թուրքը փորձում է մոտենալ բնակավայրերին, որտեղից կկարողանա մշտադիտարկել նույն Վարդենիս քաղաք վրա, Մարտունուց դեպի Վարդենիս եկող ճանապարհները, նույնը նաև Սյունիքում՝ Իշխանասարի հետ կապված, որը չափազանց կարևոր տեղանք է ռազմավարական ճանապարհները վերահսկելու համար։ «Նմանատիպ բան եղավ նաև Վայքի ուղղությամբ՝ դեռևս 2018-ի ապրիլի վերջ- մայիսի սկզբին», — նշել է Վարդանովը։