Իշխանասարի բարձրունքը շատ մեծ նշանակություն ունի մեզ համար, դա ստրատեգիական նշանակություն ունեցող տարածք է: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական վերլուծաբան Հայկ Նահապետյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ադրբեջանական զորքն այսօր հատել է ՀՀ պետական սահմանն ու առաջացել Իշխանասարի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ն անգամ հաստատել է, որ այսօր առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ «Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ»։ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ հակառակորդը գրավել է Սեւ լիճը, որը Գորիսի ջրի հիմնական պաշարն է ապահովում։ Իսկ իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, թե ընդամենը մեկ բարձունք է գրավել թշնամին:

Նահապետյանը շեշտեց, որ այդ դիրքը պարզապես չի կարելի տալ թշնամուն: «Այդ բարձունքից կարելի է տեսնել նաև Գորիսի ճանապարհը: Բացի դրանից, այնտեղից երևում է Սիսիանի օդանավակայանը, որը Ռուսաստանի հետ համատեղ օգտագործվում է: Եվ ադրբեջանցիները կտեսնեն այդ տարածքում, թե ինչ զինատեսակներ են օգտագործվում, կամ բարձրացվում:

«Սև լիճը մի շարք բնակավայրերի համար խմելու և ոռոգման ջրի կարևորագույն աղբյուրն է: Այնպես, ինչպես այս իշխանությունները հանձնել են Արցախում մեր Հայրենիքի մի մասը, այնպես էլ ուզում են հանձնել այս դիրքերը: Սակայն այս անգամ Մեծ Բրիտանիայի օպերացիան, որին մասնակից էին Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները, ձախողվեց»,- հայտարարել է փորձագետը:

Նա ընդգծել է, որ այսօր թշնամին մտել է ՀՀ տարածք կանխամտածված և Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը առավոտյան մեզ խաբել է՝ նշելով, թե ադրբեջանցիները մոլորվել են:

Նկատենք, որ Մ.Պողոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում էր հայտարարել, թե «Սյունիքում հակառակորդը ոչ մի հատվածում առաջ չի եկել: Եկել են դիտակետ դնեն, մոլորվել են:ՀՀ պետական սահմանին որևէ խախտում չի կարող լինի, դա անհնարին բան է, ես եմ ասում»։

«Քանի որ գլխավոր ստախոսը այսօր զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, ապա նախարարների և մարզպետների համար խաբելը նորմալ երևույթ է:

Երբ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները առաջխաղացում են իրականացրել մեր դիրքերի ուղղությամբ, մեր զինծառայողները իրավունք ունեին և ավելին, պարտավոր էին, կրակ բացել հակառակորդի ուղղությամբ: Բայց կարծում եմ, որ Գլխավոր շտաբից և Պաշտպանության նախարարությունից արգելել են կասեցնել ադրբեջանցիների առաջխաղացումը, որի հետևանքով մեր զինվորները հայտնվել են շրջափակման մեջ: Եթե կրակելու հրաման լիներ, ադրբեջանցիները այսքան չէին առաջանա, քանի որ իշխող դիրքում մենք ենք եղել: Նրանք զոհեր կտային և կնահանջեին»,- շեշտել է փորձագետը:

Նահապետյանի դիտարկմամբ՝ այս պրոցեսը խորքային դրվագներ ունի:

«Այսօր մենք երկնքում մի քանի անգամ լսել ենք ռազմական ինքնաթիռների ձայնը, կարծում եմ դրանք եղել են ռուսական ինքնաթիռները: Այսպիսով, Ռուսաստանը ադրբեջանցիներին շատ խիստ է վերաբերվել։ Սա առաջին գործոնը: Երկրորդ գործոնը նրանում է, որ հայկական կողմը, որտեղ գտնվում են մեր սահմանապահները չեն վախեցել և չեն փախչել, և անցել են շրջանաձև պաշտպանության:

Մի կողմից ռուսական կողմի 102-րդ ռազմաբազան, մյուս կողմից մեր դիրքապահները, ստիպել են ադրբեջանցիներին հետ գնալ: Ճնշումը եղել է ռուսական կողմից, բայց եթե հայկական կողմը նահանջեր իրավիճակը կարող էր այլ զարգացում ունենալ»,- նկատել է փորձագետը:

Ըստ Նահապետյանի այս բոլոր իրադարձությունները արվում են Մեծ Բրիտանիայի հրահանգով, Ռուսաստանի վարկանիշը իջեցնելու համար:

«Մեկ զանգ գալիս է Երևան, մեկ զանգ էլ Բաքու: Նպատակը նրանում է, որ իրավիճակը այնպես ներկայացնել, որ ռուսական կողմը չի կատարում պայմանագրային այն պարտավորվածությունները, որոնք պետք է կատարի: Չնայած ռուսական կողմի պարտականությունների մեջ չի մտնում Հայաստանի սահմանների պաշտպանությունը», — նշել է փորձագետը:

Նա հիշեցրեց, որ ապրիլին իշխանության հետ փոխկապակցված մի քանի ԶԼՄ-ների միջոցով ապատեղեկատվություն տարածվեց, թե Ռուստամ Մուրադովը Բաքվից կբերի հայ ռազմագերի, սակայն ինքնաթիռը դատարկ է վերադարձել: Հետագայում պարզվեց, որ այսպիսի պայմանավորվածություն ռուսական կողմի և Ադրբեջանի միջև չի եղել:

«Այսինքն` իշխանությունները ստեցին, սակայն այդ ստի համար ոչ ոք ներողություն չխնդրեց: Նպատակը նույնն էր, ցույց տալ, որ ռուսական կողմը չի կատարում իր պարտավորվածությունները:

Սա համատեղ սադրանք էր, կազմակերպված Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին թելադրող մեկ այլ պետության կողմից: Ադրբեջանը սադրում էր, որպեսզի Ռուսաստանի վարկանիշը իջնի և հակառուսական քարոզչություն Հայաստանում տարածվի: Կարծում եմ այս օպերացիան ուղղված էր դրան»,- նշել է փորձագետը եւ ավելացրել, որ եթե սադրանքը հաջողվեր, ապա սորոսական կազմակերպությունները և Արման Բաբաջանյանի նման մարդիկ կսկսեին ցեխ շպրտել Ռուսաստանի վրա և մեղադրել այս ամենի մեջ հենց ռուսական կողմին: