Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով եղել է Արարատի և Վայոց ձորի մարզերում:

Արարատի մարզպետարանում Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մարզպետի պաշտոնակատար Ռազմիկ Թևոնյանի և մարզի բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ: Քննարկվել են կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումների գործընթացին վերաբերող հարցեր:

«Բարձր եմ գնահատում մարզային իշխանության դերը պատվաստումային գործընթացում։ Ճիշտ գործակցությունը թույլ կտա իրական, չխեղաթյուրված տեղեկատվություն հասցնել քաղաքացիներին` պաշտպանելով նրանց COVID-19 համավարակի ծանր հետևանքներից», — ասել է Անահիտ Ավանեսյանը:

Այցի շրջանակներում նախարարի պաշտոնակատարը եղել է Արտաշատի պոլիկլինիկայում, զրուցել բուժաշխատողների հետ, հետաքրքրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ընթացքով և դիմելիությամբ:
Այնուհետև Անահիտ Ավանեսյանը այցելել է Վայոց ձորի մարզ, որտեղ հանդիպել է մարզպետի պաշտոնակատար Արարատ Գրիգորյանի և առողջապահական ոլորտի ներկայացուցիչների հետ:

Նախարարի պաշտոնակատարը ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու նպատակով եղել է նաև Վահագն Ագլամիշյանի անվան Եղեգնաձորի մարզային ակնաբուժական և «Արենի» առողջության առաջնային պահպանման կենտրոններում:

Եղեգնաձորի բժշկական կենտրոնում Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել ռենտգեն բաժանմունքի բացմանը: Այնտեղ առաջին անգամ գործարկվել է ռենտգենային զննման նոր համակարգը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ ձեռք բերված կենսական անհրաժեշտության սարքավորումների նոր համակարգը հիմնովին կփոխի մատուցվող բժշկական ծառայությունների որակը։