Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Ադրբեջանական զորքերի հանդուգն ներթափանցումը Հայաստանի տարածք և ինքնիշխան սահմանների խախտումը ոչ միայն Բաքվի ագրեսիվ և հարձակողական քաղաքականության արդյունք և միջազգային իրավունքի խախտում է, այլև Հայաստանի իշխանության հասկանալի և վճռական դիրքորոշման բացակայություն՝ կապված սահմանների և քաղաքացիների անվտանգության հետ։

Մայիսի 12-ի առավոտից մամուլում հայտնվեցին հակասական տեղեկություններ Հայաստանի պետական սահմաններին տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ։
Իրեն անպատժելի զգացող Բաքվի այս անսանձ պահվածքը  բացահայտ սադրանք է, որը կարող է հանգեցնել ռազմական բախման։

Իրավիճակն ավելի է սրվում ՀՀ իշխող ուժի կողմից հավաստի տեղեկատվության բացակայության պատճառով, ինչն էլ, իր հերթին, հասարակության շրջանում խուճապ և անհանգստություն է առաջացնում։

Հասարակությունն այսօր իրավասու է երկիրն այս կարգավիճակին հասցրած Փաշինյանից և նրա թիմից անհապաղ քայլեր պահանջել քաղաքացիների և պետական սահմանի անվտանգությունն ապահովելու համար՝ իրավիճակը սրելու և չհամակարգված կառավարում իրականացնելու փոխարեն»։