ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի՝ ենթադրյալ հեռախոսազրույցի վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել է ՀՔԾ՝ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնից։

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել է ձայնագրություն, ըստ որի՝ ենթադրաբար Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը հեռախոսազրույցում պատմում է, թե ինչպես է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն իրեն իբրև ցուցումներ տալիս՝ քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանի՝ «Ալավերդցի Վահագի» գործով՝ վերջինիս ազատ արձակել։

ՀՀ դատախազության Հանրային կապերի բաժնից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ ձայնագրությունն ուղարկվել է նախաքննական մարմին՝ այնտեղ առկա քրեական վարույթի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։

Նկատենք, որ թեև ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե Ռուբեն Վարդազարյանի գործառութային անձեռնմխելիության հաղթահարման խնդիր չկար, քանի որ քրեական հետապնդումը չի վերաբերում դատավորի կողմից իր լիազորությունների իրականացմանը։

Անգամ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հանձնարարությամբ պատրաստված ԲԴԽ հաղորդագրության մեջ նշվել էր, թե Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ, սակայն փաստն այն է, որ քրեական գործը հարուցվել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով։