«Պարտվել ենք քանիցս, սակայն երբևէ չենք ծնկել: Հայ ազգն իր գոյության ամբողջ ընթացքում ունեցել է բազում մարտեր և կռիվներ: Զինվորները մարտնչել են չխնայելով սեփական կյանքը, լինելով հավատարիմ սեփական հավատքին ու զենքին,- այս մասին «Հայ զինվորի ոգեկոչման օր» խորագրով միջոցառմանը ասաց «Արմենիան Արմ» կազմակերպության ղեկավար Վահան Խորխոռունին: Հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, Բի Հեփփի նախաձեռնության հետ համատեղ, մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում, «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ ոգեկոչման միջոցառում էր կազմակերպել:

Միջոցառման մեկնարկին՝  անմար կրակով ջահը հեծանիվով սպորտ-մարզական առողջ ապրելակերպի քարոզով հասավ մինչև Եռաբլուր, որտեղ ապագա հաղթանակների համար կոչերով հանդես եկավ նաև ԶՈՒ փոխգնդապետ, հերոս Սարգիս Ստեփանյանը:

«Նախ ողջունում եմ և իմ խոնհարումի խոսքը հղում բոլոր նրանց, ովքեր բոլոր ժամանակներում անվերապահորեն ծառայել են հայրենիքին չխնայելով իրենց կյանքը հանուն հայկական պետության, պետականության և անկախության։ Մեր գոյության ընթացքում ունեցել ենք բազում մարտեր, կռիվներ, ճակատամարտեր ու թե եղել է , որ չենք հաղթել, ապա և չենք ծնկել։ Միշտ եղել ենք հավատարիմ մեր հավատքին, զենքին ՝ անկախ տեսակից ու քանակից, միշտ պատերազմել ենք հանուն խաղաղության, քանզի չի լինում խաղաղություն՝ առանց պատերազմի։ Եվ ես զավակն եմ այն ժողովրդի՝ ում ժամանակն անգամ չկարողացավ հաղթել։ Ու այստեղ այս հուշահամալիրի, հայ զինվորի հիշատակի անմար կրակի առջև կանգնած, ոգեկոչում եմ Հայրենականում զոհված մեր պապերին ու հայրերին իրենց հաղթական երթի համար, մինչև Բեռլին։ Ոգեկոչում եմ բոլոր նրանց, ովքեր Արցախյան առաջին պատերազմում մեզ պարգևեցին հաղթանակի բերկրանքը՝ մինչև Շուշի։ Ոգեկոչում եմ բոլոր նրանց ովքեր Արցախյան երկրորդ պատերազմում ցույց տվեցին մեր հաղթանակների կամքը, բոլոր իրենց դժվարություններով հանդերձ»,- իր խոսքում ասաց Վահան Խորխոռունին։

Նրա խոսքով՝ լինելով զինված ուժերի սպա և քաղաքացի, իր համար միշտ շատ կարևոր է եղել ՝ բանակ — հասարակություն կապը և հենց այդ գիտակցությունն էր հիմքում ընկած , որ   հիմնեց «Արմենիան Արմ» կազմակերպությունը, ծառայելու առավել քան ժողովրդիս, բանակին և Հայաստանի Հանրապետությանը։ «Երևանիս տեսարանը ոգևորում է ինձ, ամեն առավոտ արդնացնելով իմ մեջ մի նոր մարդ, նորովի հայացքներով ու մղումով դեպի նոր հաղթանակներ։ Սիրում ու հպարտանում եմ ՀԱՅԱՍՏԱՆԻՍ անցյալով, պատրաստակամ եմ հաղթահարել բոլոր դժվարությունները, հանուն հզոր Հայաստանի, հանուն մեր անցյալի, ներկայի և գալիքի։ Հազար պատիվ բոլոր ժամանակների հայ զինվորներին, ովքեր հաղթելով ոչ միայն թշնամուն , այլ նաև ժամանակի մարտահրավերները , մեզ պարգևել են ու ժառանգել , մշտապես պայքարով՝ հար ապրելու ու արարելու իրավունքը։ Փառք , Հայաստանի Հանրապետությանը։ Փառք , հայոց բանակին։ Փառք, հայ ժողովրդին»։

Հայրենասիրական ոգով հերթական միջոցառումը  եզրափակվեց համերգային ծրագրով: Ներկաներն ու կազմակերպության ղեկավարը ընդգծեցին՝  «Արմենիան Արմ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախաձեռնած Շարժումն ամբողջությամբ ապաքաղաքական է և միտված է ապագա հաղթանակներին, զբաղվում է Զինված ուժերի և հասարակության միջև կապի ամրապնդմամբ:

Irakanum.am