ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որով առաջարկել էր իրեն և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ընտրություններին մասնակցել միասնական դաշինքով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողի հարցին ի պատասխան ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ որոշել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Հայաստան» դաշինքով, որի մեջ մտնում են ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները։

«Ես առաջարկում եմ և առաջին, և երրորդ նախագահներին պայքարել միասին այս իշխանության դեմ։ Պայքարել ամեն օր։ Միասնական դաշինք ձևավորել, չձևավորելը գործիքներից մեկն է։ Ես որոշել եմ ընտրությունների գնալ այս ձևաչափով։ Միայն կողջունեմ, որ ամբողջ թափով, կարողություններով մտնեն պայքարի մեջ»,- ասաց Քոչարյանը։

Երկրորդ նախագահի խոսքով՝ այս պայքարն ունի երկու բաղադրիչ, մեկը՝ պայքար այս իշխանության դեմ և մյուսը՝ իշխանության համար։

«Նա, ով չի պայքարում այսօրվա առաջին բաղադրիչով, ուղղակի դասալքություն է ցուցաբերում»,- հավելեց Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «Հայաստան» դաշինքով: