«Ռոբերտ Քոչարյանը վատ երազ է երեւի տեսել, երազի մեջ է, մտածում է՝ հետ է գալու, ինքը հետ չի գալու, այլեւս մենք, ժողովուրդը, չի թողնի, որ երկիրը նորից կեղեքվի, թալանվի, բնակչությունը սպանվի ու արտագաղթի»,-Irakanum.am-ին ասաց Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ այս իշխանությունների՝ իշխանության մնալու հետհաշվարկն է տրված, մեր հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ իսկապես իշխանությանը մնալու հետհաշվարկը սկսվեց, Ներսես Պողսոյանը պատասխանեց. «Մեր հասարակությունը ճանաչում է ե՛ւ մեզ, ե՛ւ Քոչարյանի կառավարման 10 արյունոտ տարիները, հաստատ չի մոռացել թալանը »:
Մեր դիտարկմանը՝ հասարակությունը չի մոռացել նաեւ 44 օրյա պատերազմում տված հազարավոր զոհերին, գերիներին ու տարածքային կորուստները, Ներսես Պողոսյանն այսպես արձագանքեց. «Պատերազմին մասնակցել եմ, տեսել եմ՝ ոնց էր, որ մենք կռիվ էինք տալիս մեր գեներալների տների համար, բայց իրենցից ոչ ոք չկար, մեր մեծահարուստների ունեցվածքը պահպանելու համար կռիվ էինք տալիս, բայց իրենից ոչ ոք չկար, էսօր մեզ են ասում հողատու, այդ հողերը իրենք վաղուց տվել էին, այ մենք կարող ենք լինել հող վերադարձնող, մենք հող չենք տվել, մենք հողը պաշտպանել ենք, ինչքանով է ստացվել այդ պաշտպանությունը, դա հարցի երկրորդ կողմն է, բազում պատճառներ կան»:
Քոչարյանի դիտարկմանը, թե 2018-ին մեր ժողովուրդը իշխանության ղեկին է նստեցրել մի մարդու, որը չգիտի, թե ինչ է պետականությունը, թե այդ պետական մեքենան ոնց է աշխատում, ոնց է կառավարվում, Ներսես Պողոսյանը հակադարձեց. «Իրենք պետական կառավարումը հասկանում են թալանը, լափել, մենք այդպես չենք կարծում»:

Irakanum.am