Եռաբլուր պանթեոնում ոստիկանության լրացուցիչ ուժեր են բերվել NEWS.am-ի եւ Tert.am-ի լրագրողների մուտքն արգելելու համար:

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Եռաբլուր այցելության ժամանակ Tert.am-ի լրագրողը հեռվից հարց ուղղեց. «Պարոն Փաշինյան, ի՞նչ խղճով եք Եռաբլուր գալիս, այստեղ գալիս ի՞նչ զգացողություն եք ունենում», իսկ թիկնազորի անդամները թույլ չէին տալիս նրան մոտենալ վարչապետի պաշտոնակատարին: Այստեղ էր նաեւ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը, ով նույնպես փորձում էր խոչընդոտել լրագրողի աշխատանքը, ով լրագրողի ձեռքից բռնել էր ու ասում էր, որ այսօր այդ օրը չի:

Հարցին, թե ինչու մեկ այլ լրատվամիջոցի թույլատրում են, իրենց՝ ոչ, ոստիկանն ասաց, թե ծառայություն են իրականացնում. «Դիմեք համապատասխան մարմինների»։

Լրագրողները փորձեցին Եռաբլուր բարձրանալ մյուս ճանապարհով, սակայն այստեղ եւս ոստիկանության լրացուցիչ ուժեր էին բերել, որոնք փակել են ճանապարհը: Նրանք ոչ մի հիմնավորում չեն ներկայացրել, միայն նշել են, որ «ծառայողական անհրաժեշտությունից ելնելով» թույլ չեն տալիս:

Աղբյուրը` news.am