ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Իհարկե գիտեի, որ Արցախի տարածքի 75%-ը կորցնելուց հետո անասելի դժվար է լինելու առաջին անգամ գնալ Արցախ, բայց չէի էլ կարող պատկերացնել, որ այցս կհամընկնի Մայիսի 9-ի հետ: Երիցս դժվար էր այսօր լինել Արցախում ու զրկված լինել Շուշի գնալու հնարավորությունից: Շուշին իմ Արցախն էր…
2020 թ․ հոկտեմբերի 11-ին ամենավատ երազում անգամ չէի կարող պատկերացնել, որ վերջին անգամ եմ այցելում բերդաքաղաք Շուշի, որովհետև Արծրուն Հովհաննիսյանի տրամաբանությամբ՝ թշնամուն «Գյոռբագյոռ» էինք անում ու 5 րոպեից էլ Բաքվում թեյ էինք խմելու։
Ընդամենը ոչ վաղ անցյալում հայկական քոչարիով ու զուռնա-դհոլով Ղազանչեցոցի բակում նշում էինք Մայիսյան եռատոնը, իսկ այսօր նույն տեղում վխտում են ադրբեջանցիները, դեպի Շուշի տանող ճանապարհի սկզբնամասում ծածանվում են Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշները…
Բայց միևնույնն է ես հավատում եմ, որ Սուրբ Ղազանչեցոց Մայր տաճարում հնչած բոլոր աղոթքները հասնելու են Բարձրյալին։ Հավատում եմ, որ Շուշին կրկին լինելու է մերը, շարունակելու է մնալ հայկական, և մենք վերստին ի լուր աշխարհի բղավելու ենք, որ Մայիսի 9-ը խորհրդանշն է հայոց վերածննդի… Իսկ մինչ այդ բոլորս պետք է լինենք Արցախի ու արցախցիների կողքին, որովհետև հատկապես դժվարին այս պահին հայկական երկրորդ հանրապետությանը կենացների ու ուղերձների մակարդակով հայրենասիրություն պետք չի, այլ կոնկրետ սրտացավություն ու ոտքի կանգնելու համար անհրաժեշտ աջակցություն։