Ուսուցչի որակավորման տարակարգի փոփոխությունները հաստատվել և հրապարակվել են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Հիշեցնեմ, որ այս փոփոխությամբ այն առարկաների և դասարանների ուսուցիչները, որոնց մասով առարկայական օլիմպիադաներ չեն անցկացվում, հնարավորություն են ստանում որպես բնութագրիչ ներկայացնել նախարարության հետ համագործակցության արդյունքում հանրապետությունում անցկացվող ամենամյա կրթական բնույթի առարկայական մրցույթներում մրցանակակիր սովորող ունենալը. կանխելով հարցերը, այո՛, Կենգուրու, Մեղու և մյուս մրցույթները, որոնք բավարարում են նշած պահանջը, հաշվի կառնվեն։ Բնութագրիչը հատուկ հստակեցվել է նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչների մասով՝ տարընթերցումներից խուսափելու համար։

Ավելացվել է նոր բնութագրիչ՝ գիտական աստիճան կամ կոչում ունենալը: Մյուս բնութագրիչները հստակեցվել, խմբավորվել են՝ հիմնվելով նախորդ փուլերում առաջ եկող հարցերի և խնդիրների վրա: Կարևոր փոփոխություն է, որ փաստաթղթերը կարող են ընդունվել նաև էլեկտրոնային եղանակով, ուսուցիչներն այլևս կարիք չունեն առձեռն նախարարություն բերել փաթեթը»,- գրել է Անդրեասյանը։