2021թ. մայիսի 8-ին՝ ժամը 07:25-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիրից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցից հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1982թ. ծնված տղամարդ:
Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ Դ. Մալյան և Մոլդովական փողոցների հատման վայրում հայտնաբերվել է 1984թ. ծնված տղամարդու դի՝ կրծքավանդակի առաջնային մակերեսին և կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի թիակի անկյան վրա կլորաձև վնասվածքներով, աջ քունքային շրջանում քերծվածքով, ինչպես նաև՝ 7.62 մմ տրամաչափի 4 փամփուշտ, 2 գնդակ, 5 պարկուճ, 9 մմ տրամաչափի 2 գազային ատրճանակի պարկուճ և 1 ինքնաձիգի շամփուր:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Քննչական կոմիտե