Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների ու շրջանային վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:

Արցախի կառավարությունից հայտնում են, որ քննարկվել են Արցախի գյուղատնտեսական առկա ներուժի հնարավորինս արդյունավետ օգտագործմանն առնչվող հարցեր:
Նախագահ Հարությունյանի խոսքով՝ անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է փոխել մոտեցումները գյուղատնտեսական ոլորտի խնդիրների լուծման նկատմամբ և մշակել զարգացման նոր ռազմավարություն:

Երկրի ղեկավարի հանձնարարությամբ առաջիկա ամիսներին կմշակվի գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգ, որի հիմքում կլինեն 35 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային և ռացիոնալ օգտագործումը, տեղական գյուղարտադրանքով ներքին պահանջարկի բավարարումը և արտահանման հնարավորությունների ստեղծումը: