Հայաստանում քիչ կլինեն ռացիոնալ մարդիկ, որոնք կվիճարկեն այն արդյունավետ աշխատանքը, որ կատարել ու շարունակում է կատարել ՄԻՊ-ի ինստիտուտը՝ կապված հայ ռազմագերիների տունդարձի, նրանց թվի ճշտման, պայմանների բարելավման, միջազգային գործընկեր կառույցների հետ: Ընդ որում՝ պատերազմի օրերին այդ աշխատանքի բեռը հավասարապես տանում էր նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որը, հասկանալի պատճառներով, հետպատերազմյան շրջանում դարձավ անատամ: Այս մասին «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է Աբրահամ Գասպարյանը։

Գասպարյանը նշել է՝ ՄԻՊ ինստիտուտը կատարում է հսկայական աշխատանք և հատկապես այս շրջանում նրան թիրախ դարձնելը չի բխում Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի ազգային-պետական շահերից: «Ի վերջո՝ ճիշտ չէ, որ Հայաստանի պետական պաշտոնյային հարվածում են հավասարապես՝ Հայաստանի իշխանությունն ու Ադրբեջանը, կամ էլ հակառակը՝ տարօրինակ կլիներ, եթե Հայաստանի ղեկավարի քայլերը հավասարապես գովեին նրա թիմակիցներն ու թշնամի պետությունը: Նման վիճակում, ցավոք, մենք վաղուց ենք հայտնվել, երբ Նիկոլ Փաշինյանին հավասարապես խրախուսում են իր գույնզգույն ուսապարկերը, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները, Մարդու իրավունքների պաշտպան Թաթոյանին էլ հավասարապես փնովում են «Իմ քայլ»-ի պատգամավորներն ու Ադրբեջանի իշխանությունը: Ասիմետրիկ մոտեցումների հիմքը պարզ է՝ Թաթոյանի ու թիմի քրտնաջան աշխատանքը խանգարում է երկուսին էլ՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում»,-նշել է Գասպարյանը:

Նա անդրադարձել է ՄԻՊ տարեկան հաշվետվության ներկայացմանը ԱԺ-ում և նշել՝ սա քաղաքական կռիվ է. «Սա իշխանություն պահելու կռիվ է և որքան էլ տարբեր գնահատականներ տանք այս կամ այն պաշտոնյայի ու պատգամավորի պահվածքին ու կարծիքին, այդուհանդերձ՝ պիտի հասկանանք, որ ՄԻՊ-ի դերը թուլացնելով՝ պետությանն օգուտ չենք տա: Պարզ ասած՝ մեր պետության շահից չի բխում, մեր ռազմագերիներն էլ ավելի շուտ չեն վերադառնա, եթե խորհրդարանում նվաստացնենք ռազմագերիների հարցով զբաղվող ինստիտուտի գործունեությունը»

Հեռուստամեկնաբանը նշել է՝ ՄԻՊ գրասենյակը հսկայական աշխատանք է կատարում և եթե իշխանությունը սա չի ուզում տեսնել կամ միտումնավոր անտեսում է, ուրեմն չՀայաստանի ջրաղացին է ջուր լցնում: «Իշխանությունն այսօր փորձում է ցեխ շպրտել կամ նույնն է՝ թերագնահատել Արման Թաթոյանի ու նրա ղեկավարած ինստիտուտի աշխատանքը: Սա նշանակում է, որ իշխանությունը տրոյական ձի է Ադրբեջանի համար: Ես խոսում եմ ՄԻՊ Արման Թաթոյանի, ոչ թե անհատի մասին: Մեր շահերը պաշտպանողն ու ներկայացնողն իրավունք չունի խոչընդոտների հանդիպել ներսում: Մենք դա պիտի թույլ չտանք: Չեմ գերագնահատում ՄԻՊ-ի գրասենյակի բարեխիղճ ու օրինական աշխատանքը, նրա դերը: Թաթոյանի ղեկավարած գրասենյակի աշխատանքը դարձավ ավելի ակնառու, քանի որ Փաշինյանն այդպես ուզեց, քանի որ վարչապետի աթոռն զբաղեցնողը իմաստազրկեց պետություն հասկացությունը, պարալիզացրեց ինստիտուտների գործունեությունը: Իշխանությունը 3 տարում կազմաքանդեց պետությունը, ինստիտուցիոնալ փխրուն աշխատանքը կենտրոնացրեց անձի շուրջ, ստեղծեց անհատի պաշտամունքի ավանդույթ: Այդ անհատը տապալեց ամեն ինչ: Հիմա ինչ՝ իշխանությունն ու ուսապարկերը կարծում են, որ պետության մեջ իսպառ վերացե՞լ են առողջ օղակները, որոնք կհամարձակվեն գնահատական տալ կամ դեմ գնալ իշխանության գործողություններին: Այդ մտածողությունը կոչվում է ստրկամտություն, որը բնորոշ է այն մարդկանց, որոնք տառապում են անհատի պաշտամունքով, աթոռի վերարտադրության համար հոգին հանել են աճուրդի, քաղաքականության մեջ հայտնվել են ընդամենը քայլելով»,- ասել է Գասպարյանը:

Նա անդրադարձել է նաև ՄԻՊ-ի՝ միջազգային «A» կարգավիճակին, և ընդգծել՝ դա նպաստում է, որ նրա ձայնն ու ՀՀ-ին վերաբերող խնդիրներն ավելի լսելի դառնան:

Նա դիմել է իշխանության ներկայացուցիչների՝ ասելով, որ ՄԻՊ ինստիտուտին հարվածելով՝ իրենք վտանգում են մեր պետության շահերը և ուշացնում մեր գերիների վերադարձը: «Ձեզ ցուցադրելու, ձեր տոտեմ Փաշինյանի մոտ աչոկ հավաքելու, ՄԻՊ-ի ձեր ունեցած թեկնածուին առաջ բրդելու համար չարժե գնալ նման արկածախնդրության: Ձեր ղեկավարն արդեն իսկ ազգակործան քաղաքականությամբ, հախուռն ու չհաշվարկված քայլերով, ապոլիտիկ վարքաբանությամբ մի ամբողջ պետության ու ժողովրդի անվտանգություն է տապալել: Թողեք մարդիկ աշխատեն՝ ձեր սիրած նախադասությունն եմ հիշեցնում»,- եզրափակել է Գասպարյանը: