Yerkir.am-ը գրում է․ ՀՅԴ անդամ, Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի բնակիչ Նաիրի Սաղաթելյանին այսօր մեղադրանք է առաջադրվել:

Հայտնել էինք, որ այսօր մեղադրանք էր առաջադրվել նաև Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի բնակիչ, ՀՅԴ անդամ Գուրգեն Սաղաթելյանին։

Գուրգեն և Նաիրի Սաղաթելյաններին մեղադրում են վերջին շրջանում հոգեկան ցնցումների մեջ հայտնված Փաշինյանի՝ բողոքի ակցիաների մասնակիցների դեմ զանգվածային բռնություններ կիրառելու վերաբերյալ հրահանգավորման շրջանակներում (այսօրվա մեղադրյալները մասնակցել են Պռոշյան փողոցում Փաշինյանի դեմ ապրիլի 21-ին տեղի ունեցած բողոքի ակցիային):

Գուրգեն Սաղաթելյանը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հորեղբոր տղան է, Նաիրի Սաղաթելյանը՝ Իշխան Սաղաթելյանի եղբայրը։ Այստեղից էլ պարզ է նրանց հալածելու դրդապատճառը:

Ազգականներին բռնությունների ենթարկելու միջոցով քաղաքական հարցեր լուծելու՝ իշխանական ճղճիմ փորձերի շրջանակներում ՀՅԴ ՀԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ տղային՝ Հայկ Հեքիմյանին ձերբակալել էին Ջահերով երթի ժամանակ՝ դրանից մեկ օր առաջ Դատախազության դիմաց բողոքի ակցիայի ընթացքում հրմշտոցի ժամանակ ոստիկանին հարվածելու մեղադրանքով։ Շենգավիթի դատարանը Հեքիմյանի ձերբակալությունը ոչ  իրավաչափ էր ճանաչել և ազատ արձակել, բայց նույն պահից դատախազությունն ու քննչական մարմինները սկսել էին նրա՝ կալանավորման գործընթացը։ Արդյունքում՝ դատարանը որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը, և ապրիլի 28-ին խափանման միջոց ընտրվեց Հայկ Հեքիմյանի կալանավորումը 2 ամսով: