Իշխանությունն արդեն սկսել է օրենքներ խախտել: Նախընտրական պայքարն օրենքով պետք է սկսվեր ընտրություններից ոչ շուտ քան 12 օր առաջ՝ այսինքն՝ հունիսի 7-ից, իսկ իշխանությունն արդեն սկսել է նախընտրական քարոզարշավ անել: Եթե վարչապետի մարզեր կատարած այցերը կարողանում էին բացատրել, ապա ոչ մի կերպ չեն կարող բացատրել, որ իրենց պաշտոնական նախընտրական կարգախոսն արդեն տեղադրված է բոլոր փողոցներում: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Դիտարկմանը, որ ընդդիմադիր դաշտի հիմնական դերակատարները եւս որոշակիացել են եւ արդեն պարզ է, թե որ ուժերն են մտնելու ընտրապայքարի մեջ՝ քաղտեխնոլոգը նկատեց, որ խորհրդարան անցնելու շանսեր ունեն 6 քաղաքական ուժ։

«Կարծում եմ, խորհրդարան անցնելու շանսեր ունեն 6 ուժ՝ Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժերը, Հայրենիք-ՀՀԿ-ն,ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն, մնացած ուժերը շանսեր չունեն:

Բայց հիմնական պայքարը գնալու է Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժերի միջև, քանի որ Հայաստանում միշտ էլ անձերն են ընտրվում»,-ասաց Կարեն Քոչարյանը:

Հարցին՝ եթե բոլոր ուժերը հայտարարում են, որ ընտրություններին մասնակցելու հիմնական նպատակը գործող իշխանություններին հեռացնելն է, ավելի արդյունավետ չէ՞ր լինի միասնական դաշտով հանդես գալը՝ քաղտեխնոլոգը պատասխանեց, որ ընդդիմությունն ուսումնասիրություններից հետո հավանաբար եկել է այն եզրակացության, որ մարտավարական իմաստով գնում է տարբեր շարասյուներով, ինչը ավելի մեծ շանս է տալիս հետագայում՝ խորհրդարանում, կոալիցիա կազմելու համար.

«Բոլոր կուսակցություններ ունեն համաձայնություն, որ գործող իշխանությունը պետք է հեռանա, անգամ իրար հանդեպ վատ տրամադրված կուսակցություններ և անհատներ ունեն համաձայնություն, ինչի ականատեսը մենք եղանք երկու օր առաջ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ պատրաստ է երկրորդ և երրորդ նախագահների հետ մի ճակատով գնալ: Ընդդիմությունը հասկանում է, որ էլեկտորատի մի հատված միգուցե չի ընդունում Ռոբերտ Քոչարյանին, մի հատվածը ԼՏՊ-ին, երրորդը՝ Սերժ Սարգսյանին, որպեսզի խնդիր չլինի, ամեն մեկն իր էլեկտորալ հատվածը կտանի, հետո հետագայում կարող են միանալ»:

Փորձագիտական դաշտում մտահոգություններ են հնչում, որ գործող իշխանությունը վարչական ռեսուրսի կիրառմամբ փորձելու է վերարտադրվել՝ քաղտեխնոլոգը չբացառեց.

«Ամեն ինչ հնարավոր է, բայց 50+1 տոկոս անհնար է հավաքի։ Չնայած Նիկոլ Փաշինյանը հանճար է վարկանիշ մսխելու հարցում. 3 տարում մսխեց ահռելի վարկանիշ, այդուհանդերձ, 25-30 % աջակցություն դեռ ունի,- ասել է նա։