Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 19-ամյա Աբով Բաղդասարյանը իր վարած  Grand Cherokee մակնիշի 01 ԼX 002 համարանիշի ավտոմեքենայով Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի  1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Բաղդասարյանն ու նրա ուղևոր, համաքաղաքացի, 18-ամյա Արսեն Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ   Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Բաղդասարյանը  որպես ժամկետային զինծառաղող ծառայում է  ՀՀ ՊՆ N զորամասում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: