ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն թվիթերյան իր էջում գրառմամբ ողջունել է Ադրբեջանի կողմից հայ գերիների արձակումը: Նա նաև հանդես է եկել կողմերին ուղղված կոչով՝ շտապ ավարտին հասցնել պահվող անձանց և աճյունների փոխանակման գործընթացը՝ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն: Լինդեն ներկայացրել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ մայիսի 5-ի հայտարարությունը՝ կից նշելով.

«Լիովին սատարում ենք Մինսկի խմբի համանախագահներին և հորդորում կողմերին՝ հնարավորինս շուտ վերսկսել քաղաքական գործընթացը նրանց միջոցով»:

Նշենք, որ Կանադայի արտաքին գործերի նախարարությունը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից 3 հայ գերու ազատ արձակմանը և նշել, որ կոչ է անում ազատ արձակել բոլոր պահվող անձանց։ Նմանատիպ կոչով է հանդես եկել նաև Ֆրանսիայի ԱԳ նախարարությունն՝ ընդգծելով Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը: