Պարենային ապրանքների գների ինդեքսը ապրիլին, մարտի համեմատ, աճել է 1,7%-ով եւ հասել 120,9 կետի, ցուցանիշն աճում է տասնմեկերորդ ամիսն անընդմեջ եւ հասել է 2014-ի մայիսից ի վեր առավելագույնին, վկայում է ՄԱԿ Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպության (FAO) մամուլի հաղորդագրությունը:

Նշվում է, որ աճը առաջին հերթին պայմանավորված է շաքարի, բուսական յուղի, մսի, կաթնամթերքի եւ հացահատիկի գների ինդեքսների զգալի աճով: Այսպես, հացահատիկի գների ինդեքսը ապրիլին կազմել է 125,1 կետ, ինչը 1,5 կետով կամ 1,2%-ով բարձր է մարտի ցուցանիշից: «Չնայած այն հանգամանքին, որ մարտին այս ցուցանիշը նվազել է, ապրիլին աճը վերսկսվել է, ինչի արդյունքում այս ցուցանիշի արժեքը 25,8 կետով (+26%) գերազանցել է 2020 թվականի ապրիլի մակարդակը»,- գրում է FAO-ն:

Բուսական յուղի գների ինդեքսը ապրիլի համեմատ աճել է 2,9 կետով (+1,8%) եւ մարտի մակարդակի համեմատ կազմել 162 կետ: Այս ինդեքսի բարձր արժեքների պահպանումը հիմնականում պայմանավորված է արմավենու, սոյայի, ռապսի յուղերի գների աճով, նշվում է հաղորդագրության մեջ:

Կաթնամթերքի գների ինդեքսն աճել է 1,4 կետով (+1,2%) եւ կազմել 118,9 կետ: FAO-ն գրում է, որ այդպիսով, այս ցուցանիշի աճը շարունակվում է տասնմեկերորդ ամիսն անընդմեջ, որի արդյունքում դրա մակարդակը 24,1%-ով բարձր է, քան նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում:

Վերջապես, մսի գների FAO-ի ինդեքսը կազմել է 101,8 կետ՝ 1,7 կետով կամ 1,7%-ով բարձր մարտի մակարդակից: Այս ցուցանիշի աճը շարունակվում է յոթերորդ ամիսն անընդմեջ: «Տավարի ու ոչխարի մսի ինդեքսը ապրիլին բարձրացել է, ինչը պայմանավորված է Արեւելյան Ասիայում մեծ պահանջարկով՝ Օվկիանիայից մատակարարման կրճատման պատճառով՝ կապված նախիրների նորոգման եւ պաշարների ցածր մակարդակի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ: