Այսօր՝ մայիսի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։

Ժամը 14։45-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 127.1 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են բեռնատար «Գազել» ու MAN բեռնատար մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

Մինչ տեղում աշխատում էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Մխիթարյանը, օպերատիվորեն ժամանած Եղեգնաձորի հիվանդանոցի բժիշկներն արձանագրեցին տուժածներից մեկի մահը, ինչի համար էլ Դ. Մխիթարյանը դադարեցրեց իր գործողությունները դեպքի վայրում։

Տեղում են նաև ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Արթուր Ազիզյանն ու ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։

Մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Նիկողոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Դ. Դավթյանի որոմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատար «Գազել»-ը վերածվել է մետաղե ջարդոնի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: