Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկը` 2-րդ եւ 3-րդ նախագահների հետ դաշինքով ընտրություններին մասնակցելու վերաբերյալ ժամանակային առումով արվեց մի պահի, երբ, կարծես թե,  ընտրական գործընթացների գնացքն արդեն գնացել էր: Նման կարծիք  Irakanum.am-ի հետ զրույցում հայտնեց  քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

«Առաջին նախագահի երեկվա հայտարարությունն ավելի շատ քաղաքական, գուցեեւ նախընտրական բնույթ ունի, որովհետեւ 2-րդ եւ 3-րդ նախագահների կարծիքը Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտեր դեռ մարտին, ինչպես բխում էիր հայտարարության տեքստից, որ ինքը ստացել  է իր հարցի պատասխանը: Եթե ՀԱԿ-ը ընտրություններին մասնակցում է, իսկ առայժմ որեւէ բացասական ազդակ  չի եղել, նույնիսկ մեծ համագումար են նախապատրաստում, ես ավելի շատ հիմքեր ունեմ ենթադրելու, որ մասնակցելու են, քան թե՝ չեն մասնակցելու: Եթե մասնակցելու են, ապա այդ առաջարկը շատ հաջող թեմա  էր նախընտրական արշավը սկսելու, որը հիմք է տալու քաղաքական դաշտի որոշ դերակատարներին խոսելու Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին որպես պետական գործիչ, որը, պետւթյան շահից ելնելով, գնում է  դաշինքի գործիչների հետ , որոնց հետ ունի տարաձայնություններ: Սա  կարող է  լինել նախընտրական արշավի լավ սկիզբ: Մյուս կողմից՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում է իր համար մի  կարեւոր խնդիր լուծել, փորձում է վերջնականապես ձերբազատվել Նիկոլ Փաշինյանի հոգեւոր կնքահոր կարգավիճակից, որովհետեւ այսօր ոչ ոք չի ուզում իրեն կապել Փաշինյանի հետ. Լեւոն Տեր-Պետրոսյանն այս հարցն էլ է փորձում լուծել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ պոտենցիալ դաշինքի գնալու գնով»,- ասաց քաղտեխնոլոգը:

Ըստ նրա՝ առաջին նախագահի առաջարկին ժամեր անց հաջորդած Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի գրասենյակների տարածած պատասխանով, նախկին նախագահները փորձեցին շատ արագ հարցը փակել.  «Միանգամից իրենց դիրքորոշումը հայտնեցին, որ շահարկումներ չլինեն…նույնիսկ այդ պատասխանները, որոնցով վերահաստատեցին իրենց մերժումը, այնպիսի պատասխաններ չէին, որոնք կամուրջներ էին այրում, բավականին քաղաքական ու կոռեկտ էին: Կարծում եմ, որ վերջին 25 տարվա ընթացքում երեք նախագահների միջեւ փոխգործակցությունը երբեւէ այս մակարդակի չի եղել, կան լրջագույն անհամաձայնություններ շատ հարցերի շուրջ, բայց արդեն մի քանի անգամ եղել է եռակողմ նաեւ Արցախի նախագահների մասնակցությամբ հանդիպումներ , որը ատաջ չէր լինում: Սա  ցույց  է տալիս, որ վիճակն այնքան օրհասական է, որ նախագահները,  ունենալով հսկայական տարաձայանություններ, հնարավոր են գտնում իար հետ քննարկել, առաջարկներով հանդես գալ ու լուծումներ գտնել: Այս փոխգործացությունը չի բացառում, որ նայած ինչ արդյունքներ կլինեն ընտրությունների ավարտին, համագործակցություն լինի ապագայում, չնայած դեռ վաղ է խոսել այդ մասին, որովհետեւ առաջին նախագահի մասնակցությունը դեռ վարկածի մակարդակով ենք քննարկում»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի արձագանքին, թե Տեր-Պետրոսյանը որոշել է ավազակապետական հեղափոխություն անել, Վիգեն Հակոբյանը կարծիք հայտնեց, որ Փաշինյանի խոսքում երբեմն ավելի շատ նյարդ է լինում, էմոցիոնալ ռեակցիա, քան՝ քաղաքական գնահատական:

Irakanum.am