Հայաստանի գլխավոր դատախազությունը հետախուզում է հայտարարել Ղարաբաղում կռված մոտ 40 իսլամիստ գրոհայինների հանդեպ: Այս մասին Ազգային ժողովի նիստում Գլխավոր դատախազության 2020 թվականի կատարած աշխատանքների տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց գերատեսչության ղեկավար Արթուր Դավթյանը:

Նա, մասնավորապես, նշեց, որ դատախազությունը բավական փաստական տվյալներ է հավաքել այն մասին, որ Թուրքիան վարձկաններ է ընտրել և օգնել նրանց տեղափոխել Ադրբեջան մինչեւ Ղարաբաղում ռազմական գործողությունների սկսվելը:

«Մեր դատական համակարգն արդեն ցմահ ազատազրկման է դատապարտել երկու գրոհայինների: Հիմա մենք փնտրում ենք ևս մոտ 40 գրոհայինների և խմբավորումների ղեկավարների, ովքեր մասնակցել են Ղարաբաղում ռազմական գործողություններին»,- նկատեց Դավթյանը:

Նա նաեւ հավելեց, որ դատախազությունն այս հարցով մշտական կապի մեջ է իր արտասահմանցի գործընկերների հետ: