ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը առաջիկա արտահերթ ընտրություններին կմասնակցի և իր քաղաքական գործունեությունը կշարունակի «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ պատգամավորը։ Նշենք, որ այդ կուսակցության ղեկավարը Սյունիքի նախկին մարզպետերից Վահե Հակոբյանն է։ Հարցին, թե ինչո՞ւ այդ կուսակցության հետ, Աննա Գրիգորյանը պատասխանեց․ «Վերածնվող Հայաստան կուսակցությունը ստեղծվել է իր հիմքում ունենալով Սյունիքը։ Այն հետպատերազմյան Հայաստանում ստեղծված կուսակցություն է, և կարծում եմ ստեղծվել է անհրաժետաբար, որովհետև գործող իշխանությունը համապատասխան ջանքեր և արդյունավետ քայլեր չի ձեռնարկել և մեծ հաշվով անտարբերության է մատնել Սյունիքը»։

Նշենք, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքով։ Այդ դաշինքի մաս է կազմելու նաեւ ՀՅԴ-ն։

Հավելենք, որ Աննա Գրիգորյանը խորհրդարանական ընտրություններին մասնակցել էր «Իմ քայլը» դաշինքի ցուցակով, սակայն մանդատը ստանալուց անմիջապես հետո լքեց խմբակցությունը։