Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքը և կից օրենքներում փոփոխությունների փաթեթը. սա կարելի է պատմական իրադարձություն համարել, որովհետև Հայաստանի Հանրապետության Կառավարությունն այս պարտավորությունը ստանձնել էր 2010-ին` վավերացնելով ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ես կարող եմ երկար գրել այն ճանապարհի մասին, որը անցել եմ հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության իմ ընկերների հետ Կոնվենցիայի ստորագրման արարողությանը մասնակցելուց ի վեր, բայց դա այս պահին կարևոր չէ:

Միայն նշեմ, որ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներին և նորմերին համապատասխան օրենքը մշակվեց և ընդունվեց քաղաքական կամքի և հետևողական ջանքերի շնորհիվ, որովհետև կառավարությունը և ԱԺ-ն այն կարևորեցին և դիտարկեցին որպես առաջնահերթություն:

Իհարկե, սա փոփոխությունների միայն սկիզբն է, որից հետո պետք է սկսվի նոր փուլ՝ ապահովելու օրենքի իրագործումը, ծրագրերի իրականացումը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և ներառման նոր մակարդակը: Օրենքն ինքնին հրաշքներ չի գործում, բայց ստեղծում է իրավական հիմքեր և հնարավորություններ արժանապատիվ և անկախ կյանքի համար, որը պարտավոր է ապահովել կառավարությունը, տեղական ինքնակառավարման մարմինները և բոլոր պատասխանատուները:

Ուզում եմ այս առիթով շնորհավորել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց կազմակերպություններին և շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր աշխատել են նախագծի վրա, մասնավորապես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Աննա Հակոբյանին և իմ օգնական Մուշեղ Հովսեփյանին: Հատուկ շնորհակալություն ԱԺ-ի իմ գործընկերներին նախագիծը քննարկելու և ընդունելու համար: