Քիչ առաջ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությանը:

Փաշինյանը մասնավորապես հայտարարեց, որ Լևոն Տեր-Պետրոսյան իր ընդդիմադիր քաղաքական գործունեության ընթացքում երկու անգամ փորձել է անել պատկերավոր ասած իշխանափոխություն կամ հեղափոխություն՝ 2008 թվականի ժողովրդական հեղափոխությունը, որը չի ստացվել, և բուրժուադեմոկրատական հեղափոխությունը, որի ճակատագիրը բոլորը գիտեն. «Թերևս պարոն Տեր-Պետրոսյանը որոշել է կրկին փորձել ու այս անգամ անել ավազակապետական հեղափոխություն: Մի երկու տերմին էլ կա, ուղղակի ես հիմա չեմ օգտագործում»:«Ես հիմա մտածեցի, որ մարդիկ կային, որ 1997-98 թվականերից պնդում էին, որ սա թատրոն է, խաղ է, այս քաղաքական պրոցեսները: Հիմա այս խոսակցությունները, ենթադրում եմ, որ ավելի կակտիվանան ու այդպես պնդող մարդիկ կասեն, իմ երեսով կտան, կասեն՝ բա որ այն ժամանակ ասում  էինք՝ այս ամեն ինչը թատրոն է, գնացիք այդ ամեն ինչի մեջ մտաք և այլն: Ուրիշ բան եմ ուզում ասել, փաստորեն միակ բանը, որը քաղաքական գործունության ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանին նախկինում մեծ ճշգրտությամբ հաջողվել է, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին իշխանության բերելն ու պահելն է, որը խափանվել է դահլիճում ներկա ու ոչ ներկա մարդկանց ջանքերով»,-ասաց նա՝ հավելելով, որ ավազակապետական հեղափոխությունը չի ստացվի: