ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ մայիսի 5-ին ՌՈ անձնակազմին ողջունել և շնորհավորել է ՌՈ պետ, գնդապետ Աշոտ Զաքարյանը:

Ի հիշատակ մարտական գործողությունների ընթացքում զոհված ռազմական ոստիկանների՝ հնչեցվել է աղոթք, ծաղիկներ են խոնարհվել հայրենիքի պաշտպանության ընթացքում նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում կազմակերպված արարողությանը մասնակցել և զոհված ռազմական ոստիկանների հիշատակին հարգանքի տուրք է մատուցել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը:

Ողջունելով և շնորհավորելով  մասնագիտական տոնի կապակցությամբ, Վաղարշակ Հարությունյանը կարևորել է զինված ուժերում կարգապահության ամրապնդման և իրավակարգի ապահովման ուղղությամբ ռազմական ոստիկանության դերակատարումը, բարձր գնահատել կառույցի գործունեությունը արցախյան վերջին պատերազմի ընթացքում։

Միջոցառման ավարտին հանձնվել են Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, անձնուրացության համար հետմահու շնորհված պարգևներ: Պարտականությունների բարեխիղճ կատարման և օրինակելի ծառայության համար խրախուսվել են ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ։