Ամեն մարդ իրավունք ունի իր որոշումները կայացնելու,- «Փաստինֆո»-ին ասել է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն արձագանքելով նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի՝ «Իմ քայլին» միանալու որոշմանը։

Նշենք, որ ԲՀԿ ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Սերգեյ Բագրատյանն այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում չի բացառել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Իմ քայլի» հետ՝ նշելով, որ ստացել է նման առաջարկ։

«Իրականում մեկնաբանելու ոչինչ չկա: Անկեղծ ասեմ, որ ինձ չի հետաքրքրում ինչ է ասում կամ անում Սերգեյ Բագրատյանը: Դա իր գործն է»,- շեշտեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

Հիշեցնենք, որ Սերգեյ Բագրատյանի հարաբերությունները ԲՀԿ-ի հետ սառել են 2020 թվականի հունիսի 14-ից հետո։

Հիշեցնենք՝ այդ օրերին ԱԱԾ-ն հատուկ գործողություններ էր իրականացնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ եւ ԲՀԿ-ականներն ԱԱԾ-ի մոտ ակցիաներ էին իրականացնում ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի, որի ժամանակ բերման էր ենթարկվել նաեւ Սերգեյ Բագրատյանը, ինչից հետո նրա ճանապարհները ԲՀԿ-ի հետ բաժանվեցին։