Մոտ մեկ շաբաթ է Լենինգրադյան փողոցի միջնամասում՝ անմիջապես խաչմերուկի վրա մեծ փոս է փորվել, որը ոչ միայն բազմաթիվ անհարմարությունների ու խցանումների պատճառ է դարձել, այլ նաեւ վտանգի աղբյուր։ Այսօր հենց այդ փոսում է հայտնվել Օպել մակնիշի մեքենան։

Փոսը շրջափակված է ժապավենով, սակայն լուսավորված չէ գիշերային լուսավորությամբ, իսկ կեսգիշերից հետո, երբ անջատվում է նաեւ փողոցների ընդհանուր լուսավորությունը, վարորդների համար այն պարզապես տեսանելի չէ՝ դառնալով մահաբեր փոս։

«Փաստինֆո»-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է մեքենան կեսգիշերն անց ընկել փոսը, բարեբախտաբար վարորդի կյանքի համար վտանգավոր վնասվածքներ այս պարագայում չի ստացել։

Մեր հարցմանն ի պատասխան ԱԻՆ-ից հայտնեցին, որ մայիսի 5-ին՝ ժամը 00։50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Օպել մակնիշի մեքենան Լենինգրադյան փողոցում ընկել է փոսը։ Օգնության է հասել փրկարար ծառայության մեկ մարտական հաշվարկ։ Դեպքի վայր են մեկնել նաև շտապօգնության աշխատակիցները, որոնք տեղում օգնություն են ցուցաբերել վարորդին։

«Մենք ահազանգ ենք ստացել գիշերը ժամ մեկի սահմաններում։ Մեկ մարտական հաշվարկ է մեկնել այնտեղ։ Փոս է փորվել շինարարական աշխատանքների նպատակով, մեքենան դիմացի անիվներով ընկել է փոսը։ ԱԻՆ աշխատակիցները գազի բալոնը փակել են, շտապօգնությունն էլ առաջին օգնություն է ցույց տվել։ Վարորդը թեթև վնասվածք է ստացել»,- հայտնել են ԱԻՆ-ից։