Հայաստանում ապագա կա, բայց առանց Նիկոլի: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը։

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի թիմն ընտրել է Հայաստանն ապագա ունի կարգախոսը, մինչդեռ նախքան Նիկոլ Փաշինյանի իշխանություն գալը որեւէ մեկը երբեւէ կասկածի տակ չէր դրել Հայաստանի, Արցախի ապագան։ Ասել է թե՝ նման կարգախոսով խոստովանում են, որ իրենց իշխանության գալուց հետո խարխլել են Հայաստանի ապագայի հիմքերը՝ «Փաստինֆո»-ի դիտարկմանն ի պատասխան Արա Սաղաթելյանն ընդգծել է.

«Իշխանությունները մանիպուլյատորներ են, թրոլինգով են զբաղված: Այո՛, ապագա կա, բայց առանց Նիկոլի, այլ բանաձև գոյություն չունի, քանի կա Նիկոլը ապագան շատ մշուշոտ է : Ապագան կա, չի լինելու Նիկոլը և լինելու է ապագան»:

Հարցին՝ Ադրբեջանի ղեկավարը ամեն օր նոր սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ, սրանք ընդամենը հաղթանակից ոգևորված հայտարարություննե՞ր են, թե հակառակորդն իսկապես նոր նկրտումներ ունի Հայաստանի տարածքների հանդեպ, Արա Սաղաթելյանն ասաց.

«Ինչ վերաբերվում է այդ հայտարարություններին, ապա դա բացատրվում է մի բանով՝ մենք ունենք ապաշնորհ ղեկավար, որը բացի ինտրիգներից և ստից ոչ մի բանի ունակ չէ»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը չունի ներքին լեգիտիմություն, քանի որ բոլոր կառույցները պահանջել են նրա հրաժարականը.

«Ինքն իրենից ոչինչ չի ներկայացնում, ընդամենը ֆորմալ լեգալիզացնում է այն գործընթացը, որն իրականացվում է Ռուսաստանի հովանու ներքո , Նիկոլը որևէ ազդեցություն չունի այդ գործընթացի վրա: Այդ պատճառով էլ Ալիևը կարող է իրեն թույլ տալ ցանկացած սպառնալիք և մենք միշտ գտնվելու ենք այս շարունակական պարտության մեջ քանի Նիկոլը և Նիկոլիզմը այս երկրում կա »,-ասաց Արա Սաղաթելյանը: