ԶՈՒ շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքն ու չի համարում, որ պետական գաղտնիք է հրապարակել: Այս մասին ասաց irakanum.am-ի հետ զրույցում:

«Եթե մարդիկ գտնում են՝ պետական գաղտնիք է հրապարակվել, քննությունը կպարզի, արդյունքները կհրապարակվեն»,- ասաց Մովսես Հակոբյանը:

Հիշեցնենք, որ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն Ազգային անվտանգության ծառայությունում մի քանի օր առաջ հարցաքննվել է, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 306-րդ հոդվածի հատկանիշներով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):
Հարցաքննության վերաբերյալ պարոն Հակոբյանը ոչինչ չցանկացավ ասել՝ քննության շահերից ելնելով, իսկ ինչ վերաբերում է քրեական գործով իր նկատմամբ ճնշումներ գործադրելուն, նա ասաց՝ քաղաքական գործիչ չէ ու չի կարծում, որ ճնշումներ են կիրառվում կամ քաղաքական հետապնդում:

Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ մեզ հետ զրույցում անդրադառնալով հարուցված քրեական գործին՝ ասաց. «Մովսես Հակոբյանի բոլոր հարցազրույցներն ու ասուլիսները ուշադրությամբ լսել եմ, ակնհայտ է, որ նրա հայտնած տեղեկությունների մեջ պետական գաղտնիք չի կարող լինել: Եթե հաշվի առնենք այն, որ այդ հարցազրույցներն ու ասուլիսները տեղի են ունեցել հատկապես պատերազմից հետո: Պետական գաղտնիք համարելը չի կարող ինքնանպատակ լինել:

Եթե համադրենք Նիկոլ Փաշինյանի հայտնած տվյալների հետ, ինչեր է հայտնել ու տեղեկացրել՝ ճիշտ, սուտ, ապա ինչպես կարող ենք Մովսես Հակոբյանի ասածները պետական գաղտնիք որակել, իսկ Նիկոլ Փաշինյանինը չորակել: Էականն այն է, որ եթե որեւէ պետական մարմին այդ հայտնած տեղեկությունների մեջ պետական գաղտնիք է տեսնում, առնվազն նշանակում է, որ այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը: Նույնիսկ, եթե դա լիներ պետական գաղտնիք ու հրապարակվեր, այդ տեղեկությունները շատ ավելի ծանր ու վտանգավոր հանցագորոծությունների մասին են վկայում , քան այդ ենթադրյալ պետական գաղտնիքի հրապարակումը կարող էր լինել:

Տարօրինակ չէ այն հանգամանքը, որ իրավապահները հիմա զբաղվում են պետական գաղտնիք լինել, չլինելու հարցը քննելով, Մովսես Հակոբյանին էլ մեղադրանք առաջադրելով, փոխանակ զբաղվեն այն հարցերով, որոնց մասին եղել են Մովսես Հակոբյանի հարցազրույցներն ու ասուլիսները: Նրանք չեն զբաղվելու դրանցով այնքան ժամանակ, քանի դեռ այդ հաղորդումներով, ասուլիսներով հայտնած տեղեկություններով ենթադրյալ թիվ մեկ մեղադրացուն ղեկավարում է իրավապահ մարմիններին»:

Irakanum.am