ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ավետիսյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Օնիկ Գասպարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանից։

Նա ասաց, որ Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանն իրենց հայցը վերադարձրել էր, արձանագրելով, որ ակտ չկա, այլ իրավունքի ուժով փաստ է հաստատվել, որ Օնիկ Գասպարյանն աշխատանքից ազատված է։ Դատարանը վերադարձրել էր հայցը, առաջարկելով այլ հայցատեսակով դիմել դատարան։

«Հայցը վերադարձնելու մասին որոշումը մենք բողոքարկեցինք Վերաքննիչ դատարան, դատարանն էլ արձանագրել է, որ ակտ կա»,- նշեց Օրբելյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը երեք հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ նախագահ Արմեն Սարգսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։

Առաջին հայցով դատարանն արձանագրել է, որ եթե նույնիսկ Սահմանադրությունը թույլ է տալիս ազատել ԳՇ պետին, ապա հիմնավորել են, որ ազատումը եղել է անօրինական, որովհետեւ կամայականության արդյունք է եղել, պատճառաբանված վարչական ակտ չի կայացվել։

Երկրորդ հայցը վերաբերում է ակտն առոչինչ ճանաչելուն՝ հաշվի առնելով, որ Սահմանադրությունը լիազորություն չի տալիս նախագահին՝ ԳՇ պետին պաշտոնից ազատելու եւ նա պետք է պաշտոնավարի օրենքով սահմանված ժամկետում, հետեւաբար՝ այն ընդունված է համարվելու ոչ իրավաչափ մարմնի կողմից, չունի օրինական ուժ եւ ենթակա չէ կատարման։

Երրորրդ հայցը վերաբերում է իրավահարաբերություններին, մասնավորապես, հայցվորը խնդրել է դատարանին՝ ճանաչման հայցի շրջանակներում ճանաչել Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու իրավահարաբերության բացակայությունը։

Նշենք, որ Օնիկ Գասպարյանի հայցադիմումներից երրորդը դատավոր Մհեր Պետրոսյանը վարույթ է ընդունել։ Դատավորն այդ գործով բավարարվել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։