Այսօր ՀՀ կառավարության շենքի բակում ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձեռնպահ մնաց հանրային հանդիպման մեր նախաձեռնությանը մասնակցելուց։ Հնարավոր պատճառներին կանդրադառնամ ավելի ուշ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին մեր նախաձեռնությանն արձագանքելու և լուսաբանելու համար։

Ես այսօր հայտարարեցի, որ 2021 թվականի մայիսի 5-ին ժամը 10․00-ին հանդիպման ակնկալիքով կլինեմ Հանրապետության նախագահի նստավայրի մոտ։ Հանրապետության նախագահի հետ հանդիպման խնդրանքով ես այսօր պաշտոնապես դիմել էի նախագահի աշխատակազմ։

Քիչ առաջ ինձ հետ կապ հաստատեցին ՀՀ նախագահի աշխատակազմի Արտաքին կապերի և արարողակարգի վարչությունից և հայտնեցին, որ Հանրապետության նախագահը պատրաստակամություն է հայտնել հանդիպել ինձ հետ մինչև այս շաբաթվա վերջ, սակայն հանդիպումը վաղը հնարավոր չի կազմակերպել՝ նախագահի աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով։

Իմ նախաձեռնությանն աջակցություն ցուցաբերող մարդկանց և լրագրողներին անհարկի չանհանգստացնելու նպատակով հայտնում եմ, որ վաղվա ժամը 10․00-ին նախագահական նստավայրի մոտ հավաքվելու անհրաժեշտություն, կարծում եմ, չկա։ Հանրապետության նախագահի հետ հանդիպման մասին ես կտեղեկացնեմ լրացուցիչ՝ այդ հանդիպման օրը և ժամը հաստատելուց անմիջապես հետո։

Դրա փոխարեն շահագրգիռ անձանց և լրատվամիջոցներին մայիսի 5-ին ժամը 12․00-ին հրավիրում եմ Ազգային ժողովի մուտքի մոտ (Բաղրամյան փողոցի կենտրոնական դարպասներ)՝ ԱԺ պատգամավորների հետ հանրային հանդիպումների ակնկալիքով»,- գրել է Ղազարյանը: