Իմանալով Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը և դրա շարունակությունը՝ կարելի է ենթադրել, որ գերիները չեն վերադարձվում՝ Հայաստանից ինչ-ինչ բաներ պոկելու համար։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում գերության մեջ հայտնված 19 անձանց խոշտանգմանն ու սպանությանն ու հարցին՝ որն է երաշխիքը, որ այնտեղ գտնվող մյուս գերիներն ապահով են։

«Պատահական չեն Իլհամ Ալիևի՝ Սյունիքի վերաբերյալ հոխորտանքները, տարբեր միջանցքների և այլնի մասին խոսելը։ Գերիների հարցը պետք է մեր պետության առաջնային հարցերից մեկը լիներ, բայց, իմ տպավորությամբ, ՀՀ իշխանությունները կարծես ձեռքերը լվացել են դրանից և հույսը դնում են միջազգային կազմակերպությունների և ՌԴ-ի վրա»,-ասաց իրավապաշտպանը՝ նշելով, թե այսօրվա իշխանություններից որևէ սպասելիք չունի գերիների հարցի լուծման համար։

«Մանավանդ, երբ տեսնում ես, որ նրանց միակ նպատակն իշխանությունը ցանկացած գնով պահելն ու վերարտադրվելն է, որևէ հույս կապել չի լինում։ Ես չգիտեմ՝ այս ողբերգությունից ինչպես պետք է դուրս գանք, եթե իշխանափոխություն չլինի։ Հույս է առաջանում, որ եթե իշխանափոխություն լինի, և ամուր իշխանություն գա, այդ հարցը կլուծվի»,-ասաց Իշխանյանը՝ ընդգծելով, թե կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելուց հետո ՀՀ իշխանությունները չպետք է որևէ քայլ անեին, մինչև բոլոր գերիները չվերադառնային։

«Որևէ շփում չպետք է լիներ ադրբեջանական կողմի հետ՝ այդ թվում փոխվարչապետների մակարդակով։ Պետք է լիներ ուլտիմատում՝ քանի դեռ գերիների հարցը լուծված չէ, որևէ շփում ու բանակցություն չի լինելու։ Նաև՝ Հայաստանը չպետք է զիջեր դիրքերը՝ Զանգելանից նահանջելով դեպի Սյունիք»,- ընդգծեց նա։

Հարցին՝ այս փուլում միջազգային կազմակերպություններից ՀՀ ակնկալիքը ո՞րը պետք է լինի, և ինչպե՞ս է գնահատում նրանց հետ տարվող աշխատանքները, Իշխանյանն արձագանքեց, որ պետք է այնպես աշխատել, որ Ադրբեջանի վրա ուժեղ ճնշում լինի, սակայն նկատելի է նաև, որ այդ երկիրն անտեսում է միջազգային ճնշումները։

«Առաջին հերթին ՀՀ-ն չպետք է նեղանա և նեղացողի կեցվածք ընդունի միջազգային կառույցների ու տարբեր երկրների նկատմամբ։ Պետք է նկատի ունենալ, որ բոլորը շարժվում են սեփական շահերով, սակայն դա չի նշանակում, որ չպետք է շարունակել ինտենսիվ աշխատանքը։ Նկատելի աշխատանք տարվում է, բայց, ամեն դեպքում, կարծում եմ՝ բավարար չէ, որովհետև մենք ունենք նաև մեր նկատմամբ որոշակի համակրանքով լցված երկրներ, և հատկապես այդ երկրների հետ լուրջ աշխատանք չի տարվում։ Հնարավոր իշխանափոխությունը հույս է արթնացնում, որովհետև այժմ ծայրահեղ ճգնաժամի մեջ ենք, իսկ այս իշխանությունների հետ բոլորովին հույս կապել չի լինում»,- ասաց նա՝ ընդգծելով նաև, որ միջազգային կառույցների հետ աշխատանքը չպետք է խղճահարություն առաջացնող լինի։

«Պետք է լինի ռացիոնալ, ամենօրյա աշխատանք՝ հաշվի առնելով նաև նրանց շահերը՝ փոխադարձ վստահության մթնոլորտում։ Իմ տպավորությամբ՝ աշխատանք ասելով ոչ միայն իշխանությունները, այլև ընդդիմադիրները կարծես թե հասկանում են մեր նկատմամբ խղճահարություն  առաջացնելը։ Այդպիսին էր ԵԽԽՎ-ում ՀՀ իշխող խմբակցության ներկայացուցչի ելույթը, կամ ինչ-որ պաստառներ պահելը»,-ասաց Ավետիք Իշխանյանը։