Ֆրանսիացի դերասան, հումորիստ Դեդոնե ՄԲալան նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, խնդրելով տրամադրել քաղաքական ապաստան Թուրքիայում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նամակում դերասանը պնդում է, որ այլևս իրեն անվտանգ չի զգում Ֆրանսիայում և ցանկանում է ապրել Թուրքիայում։ Ըստ նրա՝ Ֆրանսիայում նա ենթարկվում է խտրականության և անարդարության։

Ուշագրավ է, որ թուրքական և ադրբեջանական քարոզչամքենաներն ակտիվորեն լուսաբանում են ֆրանսիացի դերասանի նամակը՝ նպատակ ունենալով ցույց տալ, որ իբր Թուրքիայում գործում է հանդուրժողականություն, արդարություն և մարդիկ խտրականության չեն ենթարկվում։

Ըստ թուրքական աղբյուրների՝ դերասանը Ֆրանսիայում ենթարկվել է ճնշումների այն բանից հետո, երբ քննադատել է Իսրայելի վարած քաղաքականությունը Պաղեստինի հարցում։ Դերասանի նամակը հիմնականում լուսաբանել են էրդողանամետ և ալիևամետ լրատվամիջոցները։