Նիկոլ Փաշինյանը պետք է բանակցի, իր ձևակերպմամբ, կիրթ գործընկեր Իլհամ Ալիևի հետ, հրաժարվի Սյունիքով որևէ կոմունիկացիա տրամադրել Ադրբեջանին, մինչև վերջին ռազմագերին ու գերեվարված քաղաքացիական անձը չվերադառնա Հայաստան։ Սա է միակ երաշխիքը, որ Ադրբեջանում գտնվող գերիները չեն խոշտանգվի ու սպանվի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում գերության մեջ հայտնված 19 անձանց խոշտանգմանն ու սպանությանը։

«Եթե մենք շարունակենք կատարել նրանց բոլոր հրահանգները, բոլոր օրակարգային հարցերը, շարունակենք սպասարկել թուրք-ադրբեջանական «Մեծ Թուրանի» ծրագիրը՝ պատառ-պատառ տրամադրելով Հայաստանից, բնականաբար, Ալիևը շարունակելու է որպես ռազմավար պահել մեր գերիներին՝ իր համար շահեկան քաղաքական և տարածքային բանակացություններ վարելու համար»,-ասաց պատգամավորը։

Նա ընդգծեց՝ 2020-ի նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն փաստաթղթում պիտի որպես առաջնային կետ ամրագրված լիներ հայ գերիների՝ առանց որևէ նախապայմանի վերադարձը, որից հետո միայն պետք է լինեին մյուս կետերը։

«ՌԴ կատարած այցի ժամանակ՝ հունվարի 11-ին, Փաշինյանը չպետք է որևէ փաստաթուղթ ստորագրեր՝ հաշվի առնելով, որ Սյունիքում կոմունիկացիաների ապաշրջափակումն Ադրբեջանի և Թուրքիայի գերակա խնդիրն է։ Ես առավել քան վստահ եմ, որ եթե ինքն այնտեղ վճռական կերպով ներկայացներ ռազմագերիների վերադարձի հարցը, որից հետո միայն ստորագրեր ապաշրջափակման վերաբերյալ փաստաթուղթը, ապա, հաշվի առնելով Ադրբեջանի համար այդ կոմունիկացիայի հարցի նշանակությունը, Ալիևը և Էրդողանը համաձայնելու էին վերադարձնել գերիներին»,-ասաց Զոհրաբյանը։

Վերջինս նաև ընդգծեց, որ մինչ ԵԽԽՎ նիստին Ստրասբուրգում մասնակցելը չի ունեցել որևէ լավատեսություն, որ ՀՀ-ին կհաջողվի գերիների խնդիրը լուծել, բայց այնտեղ նաև իր անձնական փակ հանդիպումները, այդ թվում՝ Գերմանիայի նախագահության հետ, ԵՄ-ում մի քանի հանդիպումները, որոշակի լավատեսություն են ներշնչել, որ եվրոպական հանրությունը, որը, պատգամավորի խոսքով, թմբիրի մեջ էր, և այն կառույցները, որոնք անընդհատ զգուշանում էին Արցախի խնդրից և անընդհատ հղում էին անում ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին, հիմա Ադրբեջանի հանդեպ օգտագործելու են իրենց լծակները, այդ թվում՝ պատժամիջոցների տեսքով։

«Ես այսօր ԵՄ քաղաքական խմբերին ու նախագահությանը, ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերին, նախագահին ուղարկել եմ 19 խոշտանգված ու սպանված հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց անունները։ Փաստն այն է, որ գերիների կյանքին վտանգ է սպառնում, նրանք սպանվում են։ Սա շատ կարևոր ազդակ է եղել միջազգային հանրության համար։ Ես չեմ ուզում ավելորդ լավատեսություն ունենալ, բայց զուսպ լավատեսությամբ ուզում եմ ասել՝ կարծում եմ, որ առաջիկա 1,5 ամսվա ընթացքում որոշակի թվով ռազմագերիների վերադարձ կլինի»,– ասաց նա։

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ որոշ ժամանակ առաջ իրեն են դիմել զինծառայողների ծնողներ, որոնք հայտնել են, թե զանգեր են ստանում իրանական համարներից, և կասկածներ ունեն, որ իրենց որդիները պատերազմի ընթացքում Արցախի հարավից հատել են Իրանի սահմանն ու այժմ այնտեղ են, ինչի առնչությամբ պատգամավորը զրուցել է Իրանում ՀՀ դեսպանի հետ, սակայն տեղեկությունները դեռևս հաստատված չեն։

«Երեկ էլ պաշտոնական նամակով դիմել եմ Իրանի ԱԳ նախարարին, ներկայացրել իրադրությունը, և առաջիկայում պատրաստվում ենք կազմակերպել Իրանի ԱԳ որոշ ներկայացուցիչների հետ տեսազանգ, որի ընթացքում զինծառայողների ծնողները կներկայացնեն այն տեղեկությունները, որոնք ունեն»,-ասաց Զոհրաբյանը։