ՀՀ առողջապահության նախարարությունը` Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի միջնորդությամբ, «Գյումրու Ն. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա» ՓԲԸ-ին տրամադրել է շարժական թվային ռենտգեն հետազոտության նոր սարք։ Սարքն արդեն տեղադրվել և գործարկվել է։ Շիրակի մարզպետն այսօր եղել է պոլիկլինիկայում, հետևել աշխատանքների ընթացքին։

«Առողջապահության համակարգը մշտապես կարիք ունի արդիականացման, այդ հարցում, իհարկե, մենք հապաղել ենք անցած տասնամյակների ընթացքում, և հիմա ամեն ինչ արվում է նոր համալրումների համար, քանզի նոր սարքավորումների անհրաժեշտություն իսկապես զգացվում է, այս նոր ռենտգեն սարքն էապես կբարելավի առողջության պահպանման առաջնային օղակի աշխատանքը, կիրականացվի բարձրորակ դիագնոստիկա բոլոր հիվանդների համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել առողջապահության նախարարությանը՝ արագ արձագանքելու համար, վստահ եմ՝ այս աշխատանքները շարունակական բնույթ են կրելու»,- լրագրողների հետ զրույցում նշել է Հովհաննես Հարությունյանը։

Մարզպետը կարևորել է բուժհաստատությունների ինչպես տեխնիկական հագեցվածության բարձրացումը, այնպես էլ շենքային պայմանների բարելավումը՝ վստահեցնելով, որ ամեն ինչ արվելու է խնդիրների փուլ առ փուլ լուծման համար։

Նշենք, որ թիվ 2 պոլիկլինիկայի ռենտգեն հետազոտության նախկին սարքը 1965 թվականի արտադրության էր, բարոյապես և ֆիզիկապես մաշված, հանգեցնում էր ախտորոշման դժվարությունների։ 27 հազարից ավելի բնակչության սպասարկող հաստատությունը նոր կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման և բուժման նպատակով օրական իրականացնում է մոտ 85-90 ռենտգեն հետազոտություն։